Մատչելիության հղումներ

Մահացած դատապարտյալի փաստաբանը մեղադրում է «իրավասու մարմիններին»


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ըստ պաշտոնական վարկածի, հանկարծամահ է եղել դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հաղորդում է, որ 53-ամյա Գևորգյանի մահը վրա է հասել երեկ ժամը 17-ի սահմաններում։

Նախնական տվյալներով, մահվան պատճառը կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը։ Փաստի առթիվ դեռևս քրեական գործ հարուցված չէ, նախապատրաստվում են նյութեր:

Դեռ մեկ տարի առաջ Գևորգյանի փաստաբանն ու իրավապաշտպաններն ահազանգում էին, որ խրոնիկական բրոնխիտ, խրոնիկական հեպատիտ C, Պարկինսոնի համախտանիշ ունեցող բանտարկյալը կարիք ունի ստացիոնար բուժման, և պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Ինքը՝ Գևորգյանը կես տարի առաջ նամակ էր հղել իշխանություններին՝ ահազանգելով իրեն թունավորելու մասին, նշել էր, որ հենց այդ պատճառով է գամվել հաշմանդամի սայլակին։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, թե Գևորգյանի մահվան պատասխանատուները իրավասու մարմիններն են: Նրա պնդմամբ՝ իշխանությունը խախտել է նրա կյանքի իրավունքը, և ինքը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Թե՛ ՀՀ սահմանադրությունը, թե [Հայաստանի] վավերացրած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ պետությունը պարտավոր է ապահովել անձանց առողջությունը իր իրավասության ներքո գտնվող անձանց նկատմամբ»:

Սաֆարյանի կարծիքով, եթե իշխանություններն անսային իրենց խնդրանքին, և Գևորգյանը բուժում ստանար, հնարավոր կլիներ կանխել մահը: Փաստաբանը վերհիշում է անցած երկու տարիներին իրավապահների պնդումները, թե բանտում Գևորգյանը ստանում է անհրաժեշտ բուժում: Նաև պնդում է, որ նշված հիվանդություններն իր պաշտպանյալը ձեռք է բերել բանտում, և որևէ լուրջ բուժում չի ստացել․ - «Իմ նշած հիվանդությունների հետ կապված պրակտիկորեն որևէ բուժում չի ստացել»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը նշում է․ - «Մարտի 31-ին դատապարտյալն անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ և խորհրդատվություններ ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել: Ապրիլի 1-ից Գևորգյանը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել հիվանդանոցից»։

Հրաչյա Գևորգյանի գործով դեռ մեկ տարի առաջ էր բողոք ուղարկվել Եվրոպական դատարան։ Փաստաբան Տիգրան Սաֆարյանն ու նրա պաշտպանյալը Ստրասբուրգի դատարանի միջամտությունն էին ակնկալում, որպեսզի կալանավորը տեղափոխվի մասնագիտացված բժշկական հաստատություն, համալիր հետազոտություն անցնի ու բուժում ստանա։ Նա որպես բողոքի նշան հացադուլ էր հայտարարել։

«Արդարադատության նախարարության պաշտոնական պատասխանը կայացել է հետևյալում՝ քրեակատարողական հիմնարկում Հրաչյա Գևորգյանը ստանում է պատշաճ բուժզննում․․․ Բանական մարդը էսօր չի կարող լուրջ պնդել, որ քրեակատարողական հիմնարկում հնարավոր է ծանր հիվանդություններ ունեցող անձին բուժել»:

Բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն «Ազատության» հետ զրույցում ևս բանտարկյալի մահվան պատասխանատու է համարում իրավասու մարմիններին: - «Անձը չի կարա առողջ վիճակում մտնի էնդեղ ու արդեն կիսամահ վիճակով դուրս գա, ու դա դիտվի նորմալ: Պատասխանատվությունը կրում են իրավասու մարմինները»:

Դիտորդական խումբը բազմիցս այցելել է Հրաչյա Գևորգյանին, ահազանգել է, որ վերջինս բանտարկության ընթացքում գամվել է հաշմանդամի սայլակին․ - «Խցերը հարմարեցված չեն եղել սայլակով տեղաշարժվող անձանց համար: Դա արդեն իսկ խնդիր ա: Սանհանգույցը էլի հարմարեցված չի եղել ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունեցող անձանց համար»:

Հրաչյա Գևորգյանը 2015-ին 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ պատանդ վերցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և շորթման մեղադրանքով։ Իրեն մեղավոր չի ճանաչել: Նախկինում հինգ անգամ դատապարտված է եղել:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը հիշատակում է կես ամիս առաջ մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, ով դատապարտյալների հիվանդանոցից ազատ արձակվելուց հետո տասն օր անց մահացավ։ Մի շարք լուրջ հիվանդություններ ունեցող Սարգսյանի փաստաբանները, հարազատները ևս հայտարարում էին, որ նա քաղաքացիական հիվանդանոցում բուժվելու կարիք ունի: Որպես բողոքի նշան «Հաց բերողը» մոտ մեկ ամիս հացադուլ հայտարարեց և ազատ արձակվեց մի քանի պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց։

Բանտերում հասարակական դիտորդություն իրականացնող խմբի տվյալներով՝ 2016-ին բանտում հիվանդությունից մահացել է 22 բանտարկյալ։ 2011-2016-ի ընթացքում՝ 160 բանտարկյալ։

Ռևազյանն ասում է, թե նրանցից գոնե կեսին պետք է վաղաժամ ազատ արձակեին, մինչդեռ 2015-ին միայն 7 բանտարկյալ է հիվանդության պատճառով ազատ արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG