Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի գործով դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց


Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում այսօր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով երկրորդ դատական նիստը դեռ չմեկնարկած ընդմիջվեց։

Փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ դատավորը մեկ ժամ ընդմիջում է հայտարարել։ «Որոշ փաստաբաններ չէին ներկայացրել, որոշ փաստաբանների նկատմամբ կարգադրիչները զննություն կատարելու մասին արձանագրություն էին կազմել, որ փաստաբանները հրաժարվում են զննությունից, և դատավորը նիստը փակեց այդ հիմքով և մեկ ժամ ընդմիջում հայտարարեց», - ասաց փաստաբանը։

Նշենք, որ նիստն ապակեպատ դահլիճում էր, ապակուց այն կողմ ոչինչ չէր չլսվում, դահլիճում աղմուկը չէր դադարում։

Անցած դատական նիստը տեղի ունեցավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այն տևեց մի քանի րոպե. դատավորը չկարողացավ լռություն հաստատել և հետաձգեց դատական նիստը։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը քննում է գործով անցնող 14 մեղադրյալների գործը։ Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլոք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։ Այս գործով ավելի քան 60 մարդ է անցնում:

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իշխանությանը։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG