Մատչելիության հղումներ

Չլուծված տարածքային հարցը՝ 2024-ի ամենակարևոր խնդիրների թվում. հարցում


2024-ի ամենակարևոր խնդիրը չլուծված տարածքային խնդիրներն են։ Կովկասյան բարոմետրը հետազոտությոնների միջոցով է հանգել այս եզրակացության. մասնագետները հարցախույզիի միջոցով փորձել են պարզել հայաստանցիների տրամադրությունը տարբեր թեմաների շուրջ. հարցերը բազմազան են. օրինակ, ի՞նչ նախադրյալներ են պետք հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության համար կամ պարզապես՝ երջանիկ ե՞ք։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանը մանրամասն ներկայացնելով տվյալները՝ զուգահեռ տարավ նախորդ՝ 2021-ի, 2019-ի հետազոտությունների արդյունքների հետ։ «Որո՞նք են Հայաստանի առջև ծառացած խնդիրները» հարցի պատասխանը 6 տարվա տարբերությամբ կտրուկ փոխվել է. եթե 2019-ին հարցվածների մեծ մասը վստահ էր, որ դա՝ գործազրկությունն է, ապա հետպատերազմյան Հայաստանում՝ մարդիկ կարևորել են երկրում խաղաղության պակասը։

«2024-ին ամենակարևոր խնդիրների մեջ 2-րդ տեղում չլուծված տարածքային կոնֆլիկտներն են», - ասաց Եզեկյանը:

Մի ամբողջ բաժին նվիրված էր խաղաղությանն ու պատերազմին, Ղարաբաղյան կոնֆլիկտից հետո ստեղծված վիճակին։ Կենտրոնի հետազոտությունների ղեկավար Սեդա Անանյանն էլ թվերը վերլուծելով ներկայացրեց, որ հարցվածների գրեթե 85 տոկոսը հավանական է համարում, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, և դա ամենայն հավանականությամբ կլինի 1-4 տարվա ընթացքում։

Հայ ադրբեջանական հարաբերություններում խաղաղության համար ի՞նչ նախադրյալներ են պետք։ Հարցվածների մոտ 21 տոկոսը խաղաղության պայմանագրի հետ է կապում հույսերը, 19 տոկոսը՝ ուժեղ բանակի, 14 տոկոսն էլ՝ կորցրած տարածքների վերադարձի։

Ըստ հարցախույզի՝ Հայաստանի հիմնական թշնամի երկրներն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հարցվածների ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ հարևաններից Իրանի հետ հարաբերությունները պետք է ավելի բարելավել։

Բարեկամ երկրները սահմանից շատ հեռու են. առաջատարը Ֆրանսիան է. Ռուսաստանի դիրքերը տարեցտարի իջնում են. 83-ից հասնելով ռեկորդային 14 տոկոսի: Իսկ որքանո՞վ են հավանություն տալիս, որ Հայաստանը շարունակի անդամակցել ԵԱՏՄ-ին, հարցի պատասխանը ևս տարիների ընթացքում կտրուկ փոխվել է։

Եթե 2021-ին ընդամենը 14 տոկոսն էր ասել, որ բոլորովին հավանություն չի տա, 2024-ին արդեն 2 անգամ աճել է այդ թիվը՝ հասնելով 32 տոկոսի։ Եթե 4 տարի առաջ բնակչության 30 տոկոսը հավանություն չէր տա, որ Հայաստանը դառնար միութենական պետություն Ռուսաստանի ու Բելառուսի հետ, ապա արդեն 2024-ի տվյալներով՝ հարցվածների 56 տոկոսն է դեմ։ Ի դեպ, նույնատիպ պատկեր է նաև Եվրամիության հետ անդամակցելու հարցում, հարցվածների մոտ 33 տոկոսը բոլորովին հավանություն չէր տա և միայն 17 տոկոսն է լիովին կողմ միանալ Եվրոպային։

Իսկ արդյոք ճի՞շտ ուղղությամբ է զարգանում Հայաստանը. - «2019-ին ունենք 67 տոկոս, որը ցանկալի է վերլուծել՝ հասկանալու համար, թե ինչի հետ է կապված: մեր առաջին ենթադրությունը կարող է լինել 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, իհարկե, բայց ես խորհուրդ կտամ ավելի խորը վերլուծության անել:

Հարցերի մի զգալի մասն էլ ներքաղաքական էին։ Օրինակ, եթե հաջորդ կիրակի լինեին ընտրություններ, ըստ այս հետազոտության, ավելի քան 45 տոկասը միանշանակ, իսկ մոտ 14 տոկոսը ամենայն հավանականությամբ կմասնակցեր։ Ընտրություններին մինշանակ չէի մասնակցի մոտ 34 տոկոսը։ Երկիրը լիովին ժողովրդարվար է համարում հարցվածների միայն 8 տոկոսը։ Չկա այդպիսի կուսկացություն, որին ժողվուրդն ամենամոտը կհամարեր։ Բայց առաջարկված տարբերակներից իշխող ՔՊ-ն շարունակում է առաջինը լինել։

Վստահության ամենացածր ցուցանիշն ունեն քաղաքական կուսակցություններն ու լրատվամիջոցները։ Փոխարենը լիովին վստահում են եկեղեցուն ու բանակին։

Հետազոտությունն իրականացվել է ամբողջ Հայաստանում՝ 1561 հարցվողի շրջանակում։ Հարցվածներից ավելի քան 68 տոկոսը կանայքն են եղել, գերակշիռ մասը ուներ միջնակարգ ու միջին կրթություն։

Տասնյակ այլ հարցերից եզրահանգում ենք, որ բնակչության 18 տոկոսը անձնական եկամուտ չունի, 86 տոկոսը սեռական փոքրամասնություների հետ բիզնես չէր սկսի, 63 տոկոսը հետաքրքրված է Հայաստանի քաղաքականությամբ։ Եվ թերևս ամենաուշագրավը չնայած բավական ոչ լավատեսական պատասխաններին, հարցվածների գրեթե 39 տոկոսը իրեն չափազանց երջանիկ է համարում։ Իր դժբախտության մեջ վստահ էր հարցվածների 5 տոկոսը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG