Կառավարությունը հավանություն տվեց զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին:
Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե երկու տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն: Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը ծառայությանն առնչվող մի շարք դրույթներ խստացնելուն զուգահեռ՝ ֆինանսապես ապահով ընտանիքների համար նման տարբերակ է ներառում:
Պատգամավորն առաջարկել էր երկու տարվա փոխարեն մեկ ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի վեց ամիս հետո, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը:
Պաշտպանության նախարարությունն առաջարկելով փոփոխություններ նախագծում՝ նշում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ, իսկ զորակոչի սահմանային տարիքը սահմանել մինչև 32 տարին լրանալը: