Մատչելիության հղումներ

Երրորդ գործն ընդդեմ Սերժ Սարգսյանի. այս անգամ կաշառքի հոդվածով


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանում, արխիվ
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանում, արխիվ

«Բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ». Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունն է, մեղադրյալն էլ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Կոմիտեն գործի քննությունն ավարտել ու այն դատարան է ուղարկել:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երրորդ նախագահը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է ընկերություններից մեկի տնօրենի օգտին գործողություններ կատարելուն, ինչի հետաևնքով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանն է վաճառվել, և փաստորեն գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասում է՝ այս գործն իրավաբանության հետ կապ չունի, 7 տարի է դրանից որևէ նորություն չկար: Սա մաքուր քաղաքականություն է, ասաց փաստաբանը. - «Մեղադրանքն էնքան անհիմն է, որ 2018 թվականից մինչև 2021 թվականի ավարտը նույն փաստակազմով պարոն նախագահին մեղադրանք առաջադրված չի եղել: Ավելի քան 7 տարի անց էս անհեթեթությունը ուղարկվում է դատարան»:

Այս գործով 4 տարի շարունակ մեղադրյալի կարգավիճակ ուներ նաև երկրորդ նախագահը: Հետապնդումը դադարեցվել էր հենց Ռոբերտ Քոչարյանի միջոնորդությամբ: Նա նշել էր, որ անցել է գործով վաղեմության ժամկետը, ինչն էլ իրեն հնարավորություն է տալիս ազատվել քրեական հետապնդումից, բայց առանց արդարացման կամ էլ մեղադրական դատավճռի:

Կգնա՞ արդյոք այս ճանապարհով Սերժ Սարգսյանը, հատկապես, երբ նրա դեպքում էլ, ըստ փաստաբանի, վաղեմության ժամկետն անցել է:

«Չենք համաձայնելու, որ այդ հիմքով դադարեցվի, միակ հիմքը արդարացման հիմքն է», - ասաց Ամրամ Մակինյանը:

Երրորդ նախագահի առաջնորդած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ 2018-ից հետո Սերժ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարք է սկսել, սա էլ դրանցից մեկն է: 2026-ի ընտրություններին ընդառաջ, ըստ պատգամավորի, Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերի նոր փաթեթներ են վերհանվելու:

«Տարիներ շարունակ հանրությանը ներկայացրել են կեղծ տեղեկություններ, որոնք ունեն նաև զրպարտող բնույթ, և յոթ տարվա ընթացքում որևէ վճիռ չկա: Եղել է դատական պրոցես, երբ Սերժ Սարգսյանը արդարացվել է: Հիմա ընտրություններից առաջ հասարակության մոտ մեծ թվով հարցեր են առաջացել... իշխանությունը ստել է, զրպարտել է, օգտագործել է դատաիրավական համակարգը քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և հետապնդելու համար և, ըստ էության, ուրիշ այլ արդյունք չունի», - ասաց Աբրահամյանը:

Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը տարակուսում է՝ եթե քաղաքական պատվեր է, ապա ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մինչև հիմա ազատության մեջ: Ասում է՝ հենց սրա համար են իրենց մեղադրում: Դիզելվառելիքի գործով, ի դեպ , Սերժ Սարգայանն արդարացվեց, բայց դատախազությունն այժմ դատարանում բողաքարկում է այդ վճիռը: Իշխանական պտագամավորը պնդում է՝ իրենց միակ թերացումն այն է, որ դատական համակարգը դանդաղ է աշխատում, բայց քաղաքական ուղղորդումը բացառում է:

«Իրենք են անհանգստանում, չէ՞, ասում են՝ ի՞նչ կա էդ գործից... ուրեմն մի բան կա, ազատ երկիր է, ազատ խոսքով կարող են գնալ հակառակը ապացուցել: Իսկ որպես ճնշում գործադրելը ... եթե ճնշում է, ապա շատ հեշտությամբ էդ գործը կարող է փլուզվել: Բոլոր նախկին խնդրահարույց դեմքերը այսօր քաղաքականության մեջ մնում են մի բանի համար, որ նման դեպքերում, երբ դատարաններում իրենց մասին կլինեն դատավարություններ, ներկայացնեն դա իբրև քաղաքական ճնշում»,- ասաց Հակոբյանը:

Կաշառքի այս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա էր հարուցվել, 2018-ի հեղափոխութունից հետո նա պնդել էր, թե խոշոր գումարներ է տվել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որ չխոչընդոտեն իր բիեզնեսների զարգացմանն ու կայացմանը:

Երրորդ նախագահն այժմ դատարանի առջև է կանգնած մեկ այլ՝ Իսակովի պողոտայի և Եռաբլուրի հարակից հողերի օտարման գործով: Թե այս մեկով դատաքննությունը երբ կսկսվի, առայժմ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG