Պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը չեն պատրաստվում իրենց կուսակցական սկզբունքին դեմ գնալ ու համագործակցել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերի հետ, բայց ուզում են, որ նրանց թիմերը գան ու միանան իրենց: Ստորագրեն Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը, որ նախկին իշխանականներն այսօրվանից առաջարկում են ընդդիմադիրներին:
«Մեզ մոտ հստակ է դրված. մենք չենք համագործակցելու այդ ուժերի հետ», - ասաց Ասլանյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ամիսներ առաջ հեռացված պատգամավորների վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է:
«Փաստաթուղթը գտնվում է պարոն Ասլանյանի աշխատասենյակում, այս պահին միակ անելիքը ստորագրելն է», - ասաց Մարուքյանը:
Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը դեռ ուրբաթ օրն է դիմել ընդդիմադիր խմբակցություններին ու հանդիպում խնդրել, որ քննարկեն այս հարցը: «Հայաստան» ու «Պատիվ ումեն» խմբակցություններից «Ազատությանը» փոխանցեցին՝ նիստեր չեն արել ու որոշում չունեն:
«Նախնական պլանը՝ մենք մտածել ենք, որ իրենք անկեղծ են ու ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնեն: Հիմա ես թողնում եմ պատասխաններն իրենց», - նշեց Էդմոն Մարուքյանը:
Որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը հասնի նիստերի դահլիճ ու քննարկում լինի, պետք է նախաձեռնությանը միանան ընդդիմադիր բոլոր պատգամավորները: 36 ստորագրություն է անհրաժեշտ: Արդյոք նրանք կմիանա՞ն Փաշինյանի նախկին թիմակիցներին, դեռ հայտնի չէ:
Ի՞նչ կապ ունի՝ ովքեր են նախաձեռնել ու ով է թեկնածուն, զայրանում է Էդմոն Մարուքյանն ու հիշեցնում խորհրդարանական ընդդիմության հայտարարությունները Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Մինչև նախկին ՔՊ-ականների նախաձեռնությունը, Սերժ Սարգսյանի թիմից՝ «Պատիվ ունեմ»-ից հայտարարել էին, թե պատրաստ են առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցն ու սկսել:
«Պատիվ ունեմ»-ի 6 պատգամավոր, լուրջ մարդիկ են, չէ՞, հայտարարել են՝ առանց նախապայմանների տալիս ենք, սպասում ենք, Հակոբ Ասլանյանի կաբինետում է, բերեք ստորագրությունները, ի՞նչ խնդիր կա, ի՞նչ են առաջարկում, որ եթե Սերժ Սարգսյանի թեկնածուն չի, ուրեմն չեն միանո՞ւմ, թող էդպես ասեն», - ասաց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:
Ռոբերտ Քոչարյանի թիմում վերապահում ունեն: Մինչ այս նախաձեռնությունը հայտարարել էին, որ Փաշինյանին հեռացնելու ծանրակշիռ հիմքեր կան, բայց գործը հաջողությամբ ավարտելու համար պետք է նաև փողոցում զանգվածային ճնշում լինի: Իսկ նախագիծն ընդունելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկեի:
Իսկ ի՞նչ են մտածում Փաշինյանի թիմում, կա՞ մեկը որ կմիանա այս նախաձեռնությանը: Ազգային ժողովի խոսնակն ասաց՝ իրենց նախկին թիմակիցների՝ Աղազարյանի, Ասլանյանի ու Մարուքյանի սկսած գործին լուրջ չեն վերաբերվում:
«Նման պրոցեսին որևիցե ձևով չենք վերաբերվում, չենք քննարկում, մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի ու Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ», - նշեց Ալեն Սիմոնյանը: