Մխչյանի միակ դպրոցի տնօրենը հրաժարական է տվել, նոր պաշտոնակատարը մխչյանցի է, կողքի բնակավայրի դպրոցներից մեկի փոխտնօրենն է եղել, «Ազատությանը» փոխանցեց Արարատի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը:
Քննչական կոմիտեն մինչև այսօր չի հերքել նախորդ շաբաթ տարածված տեղեկությունը, թե Մխչյանի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի երկու երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել՝ այդպիսով փորձելով նրանց մոտ կախվածաություն առաջացնել ու ստիպել, որ տնից գումար բերեն:
Կոմիտեից հայտնում են՝ գործով 4 մեղադրյալ կա: 1 ամիս շարունակ նրանցից երկուսը կմնան տնային կալանքում, մյուս երկուսը՝ վարչական ու դաստիարակչական հսկողության տակ:
«Ազատության» հարցին՝ հայտնաբերվե՞լ է արդյոք նրանցից 3-րդը, որին ոստիկանները փնտրում էին, կոմիտեից փոխանցեցին՝ արդեն տնային կալանքում է: Մեղադրյալներից երեքը 11-րդ դասարանցիներ են՝ անչափահաս, մյուսը՝ 12-րդ դասարանցի, 18- տարեկան է՝ չափահաս:
Տուժողներն ու մեղադրյալները նախորդ շաբաթ տոքսիկոքիմիական փրձաքննություն են անցել: Քննչական կոմիտեից ասացին՝ փորձաքննության պատասխանները մեկ ամսվա ընթացքում կստանան, միայն դրանից հետո կասեն՝ սպիտակ փոշին թմրանյութ է եղել, թե ոչ:
Պնդումներին, որ անչափահասների շրջանում թմրանյութի տարածման ու օգտագործման դեպքերն աճում են, ՔԿ պաշտոնյա Հովհաննես Համբարյանն այսօր թվերով է պատասխանել: 2024-ին թմրանյութի իրացման, պահելու ու մաքսնանենգության հոդվածներով 1228 մարդ է պատասխանատվության ենթարկվել, նրանցից միայն 7-ն են անչափահաս:
Այլ մանրամասները տե՛ս այստեղ