Մատչելիության հղումներ

Ակտիվիստին ծեծած թաղապետը հրաժարական տվեց, բայց չզղջաց ծեծի համար


Տիգրան Տեր-Մարգարյանը, արխիվ
Տիգրան Տեր-Մարգարյանը, արխիվ

Հրաժարական տալուց րոպեներ անց Նոր նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալիս, պատասխանելով «Ֆակտոր Թիվի»-ի հարցին, փաստեց՝ չի զղջում, որ մոտ 20 օր առաջ ակտիվիստ Չախոյանին ծեծել է թաղապետարանում՝ տեսախցիկների առաջ։

Նախքան մեքենան նստելն ու հեռանալն այսօր գործակարգավարական նիստի ժամանակ Տեր-Մարգարյանը հայտարարել էր, որ թողնում է թաղապետի պաշտոնը. - «Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»:

Տեր -Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում էին դեռ անցած շաբաթ։ 4 օր առաջ մամուլը գրել էր, որ նա նույնիսկ հրաժեշտ էր տվել աշխատակիցներին, թեպետ ավելի քան 4 ժամ թաղապետարանի դիմաց աշխատելու ընթացքում նրանցից գեթ մեկը չխոստովանեց. կա՛մ լուռ էին, կա՛մ պնդում էին, թե տեղյակ չեն։

Ապրիլի 30-ին թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքը տեղի էր ունեցել հենց թաղապետարանի ներսում։ Ծեծին նախորդել էին Չախոյանի՝ նորակառույց մանկապարտեզի հետ կապված ենթադրաբար կոռուպցիոն բացահայտումը, թաղապետի հետ հայհոյախառը հեռախոսազրույցն ու յոգուրտներով ակցիան։ Հետո քրեական գործեր հարուցվեցին. մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք առաջադրվեց չորս հոգու, այդ թվում՝ թաղապետին, ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար. բոլորն էլ ազատության մեջ են:

Աղմկահարույց դեպքից հինգ օր անց միայն քաղաքապետ Ավինյանը դատապարտեց բռնությունը, բայց թաղապետին աշխատանքից չազատեց։

Տիգրան Ավինյանը, որ այսօր ողջունեց թաղապետի որոշումը, ակտիվիստի ծեծը սադրանք էր որակել. այսօր էլ այս ձևակերպումն իր հրաժեշտի խոսքում օգտագործեց արդեն նախկին թաղապետը. - «Օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքն ու դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա ու հասան Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը և հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը»:

Թիվ մեկ ամբիոն ասելով թաղապետը խորհրդարանը նկատի ուներ, որտեղ ծեծի թեման ակտիվ քննարկվեց, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն էր լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնել՝ թաղապետը պետք է հրաժարական տար։ Տեր-Մարգարյանը հրաժարական տվեց միայն 10 օր անց, բայց սպառնալով վերադառնալ ու ներկա գտնվել իր ընդդիմադիրների վախճանին։

«Խոսքս ուզում եմ ուղղել ևս մեկ անգամ Ազգային ժողովում ծվարած որոշ մանդատագողերին. 2026 թվականը սարերի ետևում չի, մենք հանդիպելու ենք 2026 թվականին և 2026 թվականին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին», - նշեց նա:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը «Հանրապետություն» խմբակցության անդամ է։ Նաև այս խմբակցության հետ կոալիցիա կազմելով «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանություն ձևավորեց մայրաքաղաքի ավագանիում, Ավինյանն էլ քաղաքապետ ընտրվեց:

Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ այս որոշումը ՔՊ-ի ու «Հանրապետության» համագործակցության վրա որևէ կերպ չի ազդի. - «Կուսակցությունն իր հայտարարություններն արել է, որ ոչինչ ոչ մի կերպ չի անդրադառնա կոալիցիոն համագործակցության վրա»:

Անի Խաչատրյանի խոսքով՝ սա Տեր-Մարգարյանի անձնական որոշումն էր, հրաժարականի հարցը կուսակցության ներսում չեն քննարկել է։ Ո՞վ կլինի հաջորդ թաղապետը, Խաչատրյանը դեռ անուն չի տալիս։ Մամուլում շրջանառվում էր Երկրապահ կամավորականների միության անդամ Մարատ Սևոյանի անունը։ Խաչատրյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, հորդորեց սպասել իրենց որոշմանը՝ փաստացի ընդունելով, որ Նոր Նորքի թաղապետի պաշտոնը մնում է «Հանրապետության» կուսակցության ձեռքում։






XS
SM
MD
LG