Պաշտոնական Երևանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս պահանջները տեղ են գտել Թուրքիայում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին այսօր հղված նամակում։
«Արևմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» կոչվող համաժողովի մասնակիցներին դիմելով՝ Ադրբեջանի ղեկավարը մասնավորաբար պնդում է․
«Թյուրքական ժողովուրդների հանդեպ հայ հանրության ներսում խորապես արմատավորված ատելությունը, «Մեծ Հայաստանի» մասին երազանքները, այդ երկրի Սահմանադրության տեքստում Ադրբեջանին և Թուրքիային ուղղված տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ժխտումը, ցավոք սրտի, խոչընդոտում են խաղաղության հաստատմանը»։
Ալիևի պնդմամբ՝ Հայաստանը, հարևան երկրներին ուղղված տարածքային պահանջներից հրաժարվելուց բացի պետք է նաև քայլեր ձեռնարկի «ադրբեջանական հազարամյա մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ, թույլատրի այդ հարցով զբաղվող UNESCO-ի դիտորդական առաքելության գործունեությունը»։
Առանցքայինը, սակայն, ըստ Ադրբեջանի ղեկավարի, իր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխվելու, կամ ինչպես Ալիևն է դա ձևակերպում՝ «վերադարձի» հարցն է։
«Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն հարցի շուրջ, թե երբ և ինչ պայմաններով են արևմտյան ադրբեջանցիները կարողանալու վերադառնալ իրենց նախնիների հայրենիք։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցի քննարկման նպատակով կընդունի [«Արևմտյան Ադրբեջանի»] համայնքի ներկայացուցիչներին», - նշում է Ալիևը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցն արդեն իսկ ընդգրկել է իր օրակարգում և դրանից հրաժարվելու մտադրություն չունի։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ։ Հայաստանը պետք է զերծ մնա այդ ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Այս խնդիրն Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վերադարձն իրականություն չի դարձել։ Իհարկե, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նաև անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն», - հայտարարել է Ալիևը։
Չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի արծարծումը տարածքային պահանջների չի հանգեցնելու, Ալիևը հատուկ ընդգծում է՝ այս խնդիրը ծագել է այն պատճառով, որ «1920 թվականին Արևմտյան Զանգեզուրն անջատվել է Ադրբեջանից և փոխանցվել է Հայաստանին, ինչի հետևանքով կտրվել է կապը մեր երկրի անբաժան մասի՝ Նախիջևանի հետ»։
Ալիևի ուղերձը հրապարակվեց այն պահին, երբ Ադրբեջանի նախագահը Բուդապեշտում էր։ Նա այստեղ մասնակցում էր Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական համաժողովին։ Դրա ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններին անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի հատկապես թյուրքական աշխարհի համար։
«Ուրախալի է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը համաձայնեցրել է Հայաստանի հետ։ Եթե երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատվի, դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար», - հայտարարում էր Էրդողանը։
Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:
Արտգործնախարար Միրզոյանը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտին խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, նաև ասել էր. «Ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում»: