Մատչելիության հղումներ

Ալիևը վերստին պնդում է՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերստին պահանջել է Հայաստանի իշխանություններից փոխել երկրի Սահմանադրությունը, որում Բաքուն իր նկատմամբ տարածքային պահանջներ է տեսնում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ալիևն ընդգծել է՝ սրանք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններն են։

«Դժբախտաբար, հայկական կողմը դեռևս չի ցանկանում ընդունել այս երկու պայմանները։ Սակայն, վերջին տարիների իրադարձությունները և գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին»,-հայտարարել է Ալիևը, պնդելով, որ Բաքվի պահանջներում «որևէ արտառոց բան չկա»։

Ադրբեջանի նախագահն այս մասին խոսել է Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։ Հունգարիայի առաջնորդն, իր հերթին, շնորհավորել է Ալիևին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, փաստաթուղթը մոտ ժամանակներս ստորագրելու հույս հայտնել:

Պաշտոնական Երևանը բազմիցս պնդել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան հարևան երկրի նկատմամբ: Դա կրկնեց նաև վարչապետ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը:

Սակայն, Հայաստանի արդարադատության նախարարությունը Մայր օրենքի նոր տեքստ է գրում: Թեև պնդում են՝ դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ, բայց վարչապետը հրապարակել է իր տեսակետը՝ նոր տարբերակում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Բաքուն հենց Անկախության հռչակագրի մեջ է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ տեսնում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ձևակերպման պատճառով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG