Կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կրկին խոշոր գումար կհատկացնի միլիարդներ փոշիացրած, կոռուպցիոն սկանդալներով շրջապատված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»-ին՝ ԱՆԻՖ-ին: Շուրջ 84 մլն միայն կուղղվի չգործող ֆոնդի շահութահարկի վճարմանը:
«Պետական բյուջեից հատկացվում է իրականում 123, մոտավորապես 124 միլիոն դրամ՝ շահութահարկ և այլ հարկեր վճարելու համար։ Այսինքն՝ պետք է արձանագրել, որ մի հիմնադրամ, որը գործել է կառավարության ներքո, մսխել է հարկատուների գումարը՝ 60 միլիոն դոլարից ավելի, բայց դեռ բավարար չէ, լուծարման այս ամբողջ պրոցեսի ընթացքում պետական բյուջեից հավելյալ գումարներ են գնալու», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Կառավարության հիմնավորմամբ՝ ընկերությանը 2024-ի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհը չի ներառել 2024թ. շահութահարկի գումարը: Գործադիրի դեռ նախորդ ամռանը կայացրած որոշման համաձայն՝ ԱՆԻՖ հիմնադրամը պետք է լուծարվեր: Երեկ հատկացված շուրջ 124 միլիոնը հենց ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացի շրջանակում էր տրամադրվում՝ ընկերության կուտակած պարտավորությունների մարման նպատակով։
Պաշտոնական փաստաթղթերով՝ տրամադրված 1.7 միլիարդից 1.2 միլիարդից ավելին 2024 թվականի օգոստոսի օգոստոսի դրությամբ ծախսվել է վարկերի մարումների, տոկոսավճարների, տույժերի, աշխատավարձերի, վերջնահաշվարկների, արձակման նպաստների, վարձավճարների և այլնի համարը: Մնացորդը նախատեսված էր լուծարման գործընթացի հետագա ծախսերի համար:
«Եթե այս տարվա համար 123 միլիոն էր, հաջորդ տարվա համար այդքան, մյուս տարվա համար այդքան, այսինքն՝ քիչ էր՝ բոլոր հարկատուների գումարները մսխել են, հիմա չենք էլ պրծնում այդ հիմնադրամից, փակելու համար գումարը տալիս են, չեն պրծնում...լուծարման պրոցեսում նույնիսկ էլի հարված են հասցնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին և հարկատուների գրպանին», - հավելեց Աննա Գրիգորյանը։
ԱՆԻՖ-ի խնդիրն ուշադրության կենտրոնում պահող ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց՝ լուծարումը կարող է տարիներ տևել: «Ազատությունը» Պետական գույքի կառավարման կոմիտեից հետաքրքրվեց՝ ինչու որոշումից գրեթե մեկ տարի անց ֆոնդը չի լուծարվել:
«Իրականացվում են լուծարման հանձնաժողովի ստեղծման նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ ընթանում են դուստր ընկերությունների լուծարման կամ փակման աշխատանքները։ Լուծարման հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել, քանի որ արաբական «Մասդար» ընկերության հետ բանակցությունները շարունկվում են», -պատասխանեցին Պետգույքի կոմիտեից:
Այն, որ տապալված հինադրամի լուծարման գործընթացը կարող է երկար տևել, պարզ է դառնում նաև Էկոնոմիկայի նախարարության պատասխանից: «Ազատությանը» հայտնեցին, որ «Մասդար»-ի հետ բանակցությունները դեռ շարունակվում են: «Մասդար»-ն ու ԱՆԻՖ-ը Թալինի գյուղերից մեկում դեռ անցած տարի պետք է արևային կայան կառուցած լինեին, բայց մինչ օրս որևէ աշխատանք չի արվել: Վերջերս Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, թե «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա սկզբին։
«Դժվար եմ պատկերացնում, որ այդ պրոյեկտը ևս հաջողություն կունենա», - շեշտեց Աննա Գրիգորյանը:
ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումներից էր նաև Fly Arna ազգային ավիափոխադրողի ծրագիրը, բայց այս ընկերությունն էլ է լուծարման փուլում, ընդ որում աշխատակիցները վերջերս «Ազատությանը» պատմել էին, թե դեռևս չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձը։ ԱՆԻՖ-ը բազմադրվագ քրեական վարույթներով է անցնում, գործերը շուրջ 2 տարի ընթացքի մեջ են, բայց մեղադրյալներ մինչ օրս չկան: Ֆոնդին առնչվող
քրեական վարույթը 2023թ. է նախաձեռնվել՝ հիմքում ֆոնդի 2019-2023թթ. տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի վերաբերյալ վարչական վարույթը՝ հարուցված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
Ըստ «Ազատության» և «Հետք»-ի հետաքննությունների՝ ԱՆԻՖ-ը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ներդրումներ է հատկացրել նրա համադասարանցուն ու կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին:
Սակայն, վերջերս Ավինյանը հայտարարել էր, թե ԱՆԻՖ-ի գործով իրեն առնչվող իրավական գործընթաց չկա, ավելին՝ վստահեցրել է, թե չի էլ կարող լինել. «Ես ԱՆԻՖ ՓԲԸ-ից երբևէ աշխատավարձ չեմ ստացել: ԱՆԻՖ-ի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն կանդրադառնամ»:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.