Մատչելիության հղումներ

Անում ենք ոչ թե շանտաժի, այլ վերլուծությունների ճանապարհով. ՊԵԿ նախագահը՝ ստվերի մասին


Հարկային խստացումներով սկսված տարվա առաջին չորս ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 950 միլիարդ դրամ է հավաքել, մոտ 15 տոկոսով ավելին, քան 2024-ի նույն ժամանակահատվածում: Վիճակագրությունն այսօր ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց, պնդեց, թե հարկային տեռորի մասին իրենց ուղղված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:

«Մենք դրանով չենք զբաղված և դրա ժամանակ էլ չունենք», - ասաց նա:

Հարկ վճարողն ընտանիքի անդամ է, ասում է պաշտոնյան. ՊԵԿ նախագահի սրտով չէ նաև հարկային բեռ արտահայտությունը:

Հարկային մարմնի ղեկավարի այս խոսքերի կողքին հատկապես փոքր բիզնեսների մի քանի ամիս շարունակվող ահազանգերն են՝ շրջանառության հարկի կրկնակի ավելացումը ծանր դրության մեջ է գցում իրենց: Բողոքի ակցիաներն անցնող շրջանում բազմաթիվ էին, շատերը պնդում են՝ գուցե ստիպված փակեն իրենց բիզնեսը, քանի որ նոր պայմաններով ձեռնտու չէ աշխատել: Կառավարության առաջարկը, որ իրենց շրջանառությունը փաստաթղթավորելու դեպքում դեռ մի բան էլ ավելի քիչ կվճարեն, շուկաներում ու տոնավաճառներում աշխատող տնտեսվարողները անիրատեսական են համարում:

Չնայած այս պնդումներին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մեղադրանքների սլաքները հենց բիզնեսի կողմն է ուղղում:

Խոսք գնաց նաև ստվերի դեմ պայքարից. պետական եկամուտների կոմիտեն տարվա առաջին չորս ամիսներին 100 միլիոն դոլարի թաքցրած հարկ է հայտաբերել, ինչը շուրջ 80 տոկոսով ավելին է, քան 2024-ի նույն ամիսներին հայտնաբերվածը: Այս պայքարում կոշտություն է պետք, ասում է Էդուարդ Հակոբյանը:

«Երկու անգամ ավելի քիչ ենք անհանգստացնում մարդկանց և անում ենք ոչ թե շանտաժի, այլ վերլուծությունների ճանապարհով», - շեշտեց նա:

Ի դեպ, ասուլիսը արտասովոր ընթացք ստացավ. մինչ Հակոբյանը կատարված աշխատանքներն էր ներկայացնում, Երևանի կենտրոնում գտնվող կոմիտեի շենքը հոսանքազրկվեց, էլեկտամատակարարումը վերականգնվեց մոտ 15 րոպե անց:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Անում ենք ոչ թե շանտաժի, այլ վերլուծությունների ճանապարհով. ՊԵԿ նախագահը՝ ստվերի մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG