Ռուբեն Վարդանյանի գործով հերթական դատաքննությանը Բաքվի ռազմական դատարանում ցուցմունքներ են տվել տուժող ու տուժողների իրավահաջորդ ներկայացող մի շարք անձինք՝ Արցախի նախկին պետնախարարին մեղադրելով պատերազմական հանցագործությունների համար։
Զաուր Սադիգովը, Ալի Շիխալիևը, Փեյման Ջաբարովը, Զահիդ Հոջաևը, Իլքին Մուսազադեն և այլոք առանց անկախ իրավապաշտպանների ու լրատվամիջոցների ներկայության ընթացող նիստին պատմել են, թե հրազենային վնասվածքներ են ստացել կամ վիրավորվել հրետակածության հետևանքով, բայց թե երբ, չեն ասել:
Ադրբեջանի իշխանության կողմից վերահսկվող «Ազերթաջ» գործակալությունը հաղորդում է, որ տուժողի իրավահաջորդ ներկայացող Մախֆուրա Հասանովան էլ պնդել է, թե իր որդին զոհվել է Քելբաջարի տարածքում՝ «հայկական խմբավորումների մասշտաբային սադրանքի» հետևանքով:
Մեկ այլ տուժողի իրավահաջորդ ներկայացող անձ ադրբեջանական դատարանում վկայել է, թե եղբայրը զոհվել է Աղդամի ուղղությամբ արձակված կրակոցներից:
Սակայն թե ինչ առնչություն է ունեցել Վարդանյանն ադրբեջանական կողմի ներկայացրած իրադարձություններին, պարզ չէ: Նա Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը երեքուկես ամիս ու չի վերահսկել ռազմական բլոկը: Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների հաղորդումներում մի շարք հարցեր բաց են մնում:
Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։
Չի հստակեցվում նաև՝ խոսքը կոնկրետ ինչ ռազմական գործողությունների է վերաբերում, որոնց մասին խոսում են տուժող կամ տուժողի իրավահաջորդ ներկայացող անձինք։ Ընդ որում՝ ադրբեջանական ռեպորտաժներում այդ անձանց ուղիղ խոսքը չի ներկայացվում, այն վերաշարադրվում է, իսկ հրապարակված տեքստերը բոլոր լրատվամիջոցներում բացառիորեն նույն կառուցվածքն ունեն՝ բովանդակային աննշան տարբերությամբ։
«Այն, ինչ կատարվում է Բաքվի բանտում, աբսուրդի ժանրից է, որովհետև և՛ Ռուբեն Վարդանյանի, և՛ մնացած մեր հայրենակիցների նկատմամբ այդ շինծու մեղադրանքների շրջանակներում այսպես կոչված վկայությունները, ցուցմունքները ուղղակի ֆանտաստիկա են՝ այլ ձևով չի կարելի ներկայացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանի գաղափարակից, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Առաքելյանն ասում է՝ Բաքվի դատարաններում տեղի ունեցողը ևս մեկ անգամ փաստում է՝ Ադրբեջանի իշխանությունները չունեն հիմնավոր փաստեր այն մեղադրանքների համար, որոնք առաջադրել են ոչ միայն Վարդանյանի, այլև Արցախի մյուս նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ։
«Պարոն Վարդանյանի դատավարության ընթացքում ինչ-որ ադրբեջանցիներ են պարբերաբար ներկայանում, որոնք սկսած 90-ական թվականների ռազմական գործողությունների ժամանակ, իրենք, իրենց բարեկամները, ընտանիքի անդամները տուժել են: Մի առանձին ֆարս էր էդ ականների վրա պայթելով շղթան, որ ներկայացնում են, որ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է, ականներ են տեղադրվել, և այս մարդիկ վնասվածքներ են ստացել: Իսկ ամենազավեշտալին՝ ուղղակի որ վկայություն տվողներից մեկը խոսում էր, որ ականի վրա վիրավորում է ստացել 2024 թվականին, երբ պարոն Վարդանյանը արդեն մեկ տարի է բանտարկված էր», - ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը:
Առաքելյանը Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատերը քաղաքական է համարում, կարծում է՝ դրանք ոչ թե ուղղված են կոնկրետ հենց Վարդանյանի ու մյուս գերիների, այլ՝ Հայաստանի դեմ. - «Յուրաքանչյուր մեղադրանքում, նաև դատախազության ներկայացրած փաստաթղթերում, եթե ծանոթանում ենք, նշվում է, որ ընդհանրապես Արցախյան ամբողջ շարժումը, այդ պատերազմական գործողությունները, որը նաև 94 թվականին Ադրբեջանի ստորագրությամբ հրադադար է հաստատվել, որով փաստվել է, որ մինչև այդ տեղի է ունեցել պատերազմ, ինչն էլ Ադրբեջանը հրադադարով ամրագրել է՝ այդ փաստաթղթով, այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հիմա փորձում է ցույց տալ, որ էդ պատերազմը չի եղել, և սա ահաբեկչական խմբավորումների գործողություններ են»:
Ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը չի բացառում, որ Ադրբեջանն այս ամենն անում է Հայաստամի դեմ նոր հայցեր նախապատրաստելու ու Երևանին դրանցով շանտաժի ենթարկելու համար:
«Ազերթաջ»-ն, ի դեպ, հաղորդում է, թե երեկվա նիստին Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատական կազմի դեմ, սակայն այն մերժվել է: Պաշտոնական մեղադրողները պնդել են, թե մեղադրյալի իրավունքները երաշխավորված են քրեական դատավարության օրենսդրության համաձայն, իսկ պաշտպանական կողմն իբր չի ներկայացրել որևէ կոնկրետ ապացույց, որ դատական կազմը կողմնակալ է քրեական հետապնդման հարցում:
Մինչդեռ այս ամենին հեռվից հետևող հայաստանցի ու միջազգային մի շարք իրավապաշտպաններ վստահ են՝ ադրբեջանական դատարանում հայերի նկատմամբ հնարավոր չէ արդար դատաքննություն:
Վարդանյանից բացի ևս 15 հայ, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարներն են հիմա կանգնած ադրբեջանական դատարանի առաջ: Վարդանյանի հաջորդ դատական նիստը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մայիսի 27-ին է: