Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա՝ կաշառք ստանալու մեղադրանքով ճաղերի հետևում


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Հերթական կոռուպցիոն բացահայտումը Երևանի քաղաքապետարանում: Իրավապահներն այսօր խուզարկություններ են անցկացրել ու կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել երկու պաշտոնյայի: Նրանք հասարակական կարգի պահպանության ծառայությունից են: Թե կոնկրետ ովքեր են հայտնվել իրավապահների թիրախում, Հակակոռուպցիոն կոմիտեն չի բացահայտում:

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն այսօր պնդում էր՝ ձերբակալվում են նրանք, որոնք չեն հասկանում, որ օրենքով է պետք աշխատել:

«Երևանի քաղաքապետարանում լուսնից չեն իջնում մարդիկ, Հայաստանի Հանրապետությունից են, 15 հազարից - 20 հազարից ավել մարդ ունենք բոլոր տեղերով», - լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Որևէ մեկին «Քաղաքացիական պայմանագիրը» կամ մեր իշխանությունը չի թաքցնում, կոռուպցիա չի խրախուսվում, և բոլոր էն մարդիկ, ովքեր որ կոռուպցիայի գործով են զբաղվում կամ ինչ-որ գործողություններ, իրանք պատժվում են»:

Փոխքաղաքապետը, սակայն, պնդում էր, թե տեղյակ չէ՝ որ ենթականերն են ձերբակալված: Ասաց՝ իր համակարգման ոլորտը չէ: Հովհաննիսյանը վերահսկում է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, եկամուտների հաշվառման և գանձման, ֆինանսական վարչությունների աշխատանքները:

«Հիմա, ես չգիտեմ, ի՞նչ պաշտոնի են էդ մարդիկ, օրինակ, չգիտեմ, առաջատար մասնագետ են, գլխավոր մասնագետ են, և այլն, հա՞: Ես հիմա ավագանու նիստով եմ զբաղված, էլի եմ ասում՝ ամեն մեկը պիտի զբաղվի իրա գործով: Ես կարծում եմ, որ դո՛ւք պիտի հետաքրքրվեք նախ և առաջ որպես լրագրող, դուք կհետաքրքրվեք հավանաբար էդ հոդվածը կգրեք», - լրագրողների հարցերին ի պատասխան ասաց փոխքաղաքապետը:

Լրագրողներին այսօրվա ձերբակալվածներին բացահայտելու հորդոր անող Հովհաննիսյանը վստահեցնում էր՝ իրենք ոչ միայն ծանր են տանում նման բացահայտումները, այլև դատապարտում են կաշառքով քաղաքապետարանի հետ հարցեր լուծելու օրինակներն ու ամեն դեպքից հետո քննարկումներ են ծավալում, սակայն չեն մոռանում անմեղության կանխավարկածի մասին:

Նույնը կոչ էր անում առևտրի, ծառայությունների և գովազդի, տրանսպորտի վարչությունների աշխատանքները համակարգող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա ևս պնդեց, թե մանրամասներից տեղյակ չէ:

«Ընթացքում քննության գտնվող գործ ա, ենթադրում եմ, որ ինչ-որ գործողություն ա կատարվել, ու մարդկանց անմեղության կանխավարկածն էլ հորդորում եմ չխախտել, որովհետև անձը համարվում ա մեղավոր, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ», - հայտարարեց Գրիգորյանը:

Տարվա առաջին հինգ ամիսներին քաղաքապետարանի և նրա ենթակա կառույցների արդեն մեկ տասնյակ պաշտոնյա է ձերբակալվել կաշառքի գործերով:

Ինչո՞ւ են ավելացել Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունները: Մինչ փոխքաղաքապետ Հովհաննիսյանը կարծում է, թե մոտ 20 հազար աշխատող ունեցող քաղաքապետարանում լինելու են ձերբակալություններ, քանի որ որևէ դեպք չի կոծկվում, ավագանու ընդդիմադիր անդամը հակադարձում է. - «Վերահսկողության բացակայության մասին է»:

«Իհարկե, մենք ունենք վերահսկողական վարչություն, և առհասարակ պետք է ներքին վերահսկողությունը ուժեղ լինի: Մենք տեսնում ենք, որ ներքին վերահսկողությունը թերանում է, դրա համար էլ արդեն արտաքին վերահսկողության տակ են ընկում», - ընդգծեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Ավագյանը:

Աբգարյանն անընդունելի է համարում իշխանականների պնդումները, թե ոչ բոլորն են հասկանում, որ պետք չէ թաթախվել կոռուպցիայի մեջ: Պնդում է՝ նման մարդիկ ի սկզբանե չպետք է պաշտոն զբաղեցնեին. - «Կարծում եմ, այո, էստեղ թերացում կա: Չէ՞ որ նշանակումները թիմը ձևավորող, ամեն դեպքում, քաղաքական պատասխանատուների հարց է: Այնպես որ, կարծում եմ, այո, եթե գործ ունենք հաճախակի կոռուպցիոն դեպքերի հետ, դա հենց ահազանգ է, որ կառավարող ուժը չի կարողանում վերահսկել պատշաճ»:

Ավագանու ընդդիմադիր անդամի կարծիքով՝ կոռուպցիոն ռիսկերը Երևանի քաղաքապետարանում շատ են, դա պայմանավորված է վարչությունների գործունեության առանձնահատկությամբ, մեծ են նաև գայթակղությունները:

«Ամեն մի նման դեպք Երևանի համար կարող է նշանակել մի սխալ կառուցված շենք, օրինակ, և այլն: Այսինքն՝ քաղաքացիների կյանքի վրա կարող է ազդել ցանկացած նման կոռուպցիոն դրսևորում Երևանի քաղաքապետարանում», - ընդգծեց Իզաբելլա Աբգարյանը:

Այսօր ձերբակալված երկու պաշտոնյաներն այն ծառայությունից են, որի ղեկավարը մարտին մեղադրվեց կաշառք ստանալու համար: Ըստ մեղադրանքի, հասարակական կարգի պահպանության ծառայության պետը, կոմունալ տնտեսության պետը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի երկու պաշտոնյաները փողի դիմաց քաղաքացու օգտին անգործություն են ցուցաբերել ու կայացրել բարենպաստ որոշում:

Սրանից բացի դատարանում մեկ այլ գործ էլ է քննվում՝ մեղադրյալները Արաբկիր վարչական շրջան նախկին ղեկավարներն են, որոնք «Մերգելյանի» այգու բարեկարգման ժամանակ ստացել են 20 հազար դոլար կաշառք ու աչք փակել այգու շինարարության թերությունների վրա: Նույնը, ըստ իրավապահների, տեղի է ունեցել Արաբկիրում շենքերի մուտքերի վերանորոգման դեպքում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG