Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ, «Ազատության»-ը գրավոր տեղեկացրել են Արտաքին գործերի նախարարությունից: Մոտ երեք շաբաթ առաջ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում՝ Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե՞ ոչ:
Վարչապետը ապրիլի 16-ին խորհրդարանում հայտնել էր, որ սահմանազատման շարունակականության հետ կապված հայկական կողմն առաջարկներ է ուղարկել Բաքվին:
«Մեր առաջարկությունը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին, սպասում ենք պատասխանի», - նշել էր Նիկոլ Փաշինյանն ու հավելել. «Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակել սահմանազատումը: Ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավ որ հատվածում իրականացնենք: Մենք մեր պատկերացնումներն ունենք, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:
Նույն հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե հայ-ադրբեջանական բանակցություններն ինչի՞ շուրջ են, հաշվի առնելով, այն, որ փաստաթուղթը համաձայնեցված է, բայց չի ստորագրվում, արդյոք այդ բանակցությունները Ադրբեջանի նախապայմանների շուրջ են, ԱԳՆ-ից կրկին առանց հստակությունների նշել են. «Վերահաստատում ենք, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և վերջնականացված, և Հայաստանը պատրաստ է ստորագրել այն»:
Բաքվուն պահանջում է նախքան պայմանագրի ստորագրումը փոխել Հայաստանի Սահմանադրությունը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հնարավո՞ր է՝ հայկական կողմը համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը մինչ պայմանագրի ստորագրումը, նախարարությունի արձագանքել են. «Հայաստանի դիրքորոշումը հանրահայտ է՝ հակամարտության ինստիտուցիոնալ կարգավորման պարագայում հակամարտությամբ զբաղվող որևէ ինստիտուտի անհրաժեշտությունը վերանում է»:
Այժմ պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկում է Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարությունն ու խաղաղության պայմանագիրը զուգահեռ ստորագրել: Ադրբեջանից դրական արձագանք չկա, ավելին՝ այդ երկրի նախագահն օրերս հայտարարել է, թե «վերջին տարիների իրադարձությունները և գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին»: