Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները, ՌԴ արտգործնախարարի հետ ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարն այդ մասին խոսեց՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ են վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, հավելելով. «Մենք ինքներս մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում, ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է»:
Միաժամանակ, նախարարը չթաքցրեց, որ հայաստանյան կողմը մտահոգություններ ունի: Նա նշեց, որ նախատեսված մեխանիզմները, միջոցառումները ոչ միշտ են աշխատել կամ սահմանված կարգով չեն աշխատել, շեշտեց նաև, որ Հայաստանը բավարարված չէ ՀԱՊԿ-ի կոնկրետ իրադարձությունների վերաբերյալ արձագանքով և սառեցրել է գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում:
Հայ-ռուսական հարաբերությունները մի քանի տարի է՝ լարված են: Դրանք վատթարացան, երբ ՀԱՊԿ-ը, որի առանցքային անդամներից է Ռուսաստանը, հրաժարվեց գնահատական տալ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Բայց վերջին շրջանում կողմերի հռետորաբանությունը փոխվել է: