«Հայաստանը պետք է սահմանադրորեն վերջ տա Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել»,-իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Դրականն այն է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցման շուրջ աշխատանքները ավարտված են։ Չնայած դրան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում բաց հարցեր դեռ մնում են»,-նշել է Հիմքեթ Հաջիևը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից ի վեր առաջին անգամ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար «իդեալական պայմաններ են ստեղծված»։
«Կարելի է նույնիսկ ասել, որ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է։ Ադրբեջանը կանի իրենից կախված ամեն ինչ այդ խաղաղությանը իրավական հիմքեր հաղորդելու համար»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Պաշտոնական Երևանը բազմիցս պնդել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան հարևան երկրի նկատմամբ: Դա կրկնեց նաև վարչապետ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը:
Սակայն, Հայաստանի արդարադատության նախարարությունը Մայր օրենքի նոր տեքստ է գրում: Թեև պնդում են՝ դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ, բայց վարչապետը հրապարակել է իր տեսակետը՝ նոր տարբերակում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Բաքուն հենց Անկախության հռչակագրի մեջ է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ տեսնում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ձևակերպման պատճառով։