Մատչելիության հղումներ

ՔՊ-ից հայտարարում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա. «Եվրաքվեից» հակադարձում են՝ եվրաինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարության


Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ
Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ

Հայաստանի եվրոպական ձգտումների մասին բարձրաձայնող իշխող ուժից էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և կառավարությունն այդ միությունից դուրս գալու օրակարգ չունի:

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ, ա՝ կրկնում եմ, մենք հիմա էս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, բ՝ Հայաստանի Հանրապետությունը հայտ չի ներկայացրել, և այլ օրակարգ այսօրվա, ես գոնե՝ որպես կառավարության անդամ, չգիտեմ, չկա, ժողովուրդ ջան», - այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Պապոյանը:

Խորհրդարանի իշխող մեծամասնությունը մոտ երկու ամիս առաջ ընդունեց կառավարության հավանությանն արժանացած՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը որպես քաղաքացիական նախաձեռնություն հեղինակել և ներկայացրել էր արևմտամետ ուժերից բաղկացած «Եվրաքվեն»:

Շաբաթներ առաջ փոխարտգործնախարարն «Ազատությանն» ասել էր, որ օրենքն ընդունելուց հետո կառավարությունը ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արել: Արդեն երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին հայտնեց՝ բացի այն, որ Հայաստանն անդամակցության հայտ չի ներկայացրել, նաև այդ ուղղությամբ բանակցություններ չի վարում:

«Եվրաքվեից» Տիգրան Խզմալյանը չի թաքցնում՝ կասկածներ ունեցել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս դեպքում էլ որոշում կայացնելու փոխարեն կընտրի գործընթացը սառեցնելու ճանապարհը:

«Իրենք գերադասում են սառեցնել, այսինքն՝ իրենք սառեցրեցին ՀԱՊԿ-ից դուրս գալը և իրենք սառեցնում են ԵՄ մտնելը: Այսպիսի սառեցված վիճակ այս ամառային շոգերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խզմալյանը:

«Էս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք էն ճանապարհային քարտեզը, որը իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք». - ամիսներ առաջ կառավարությունում նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե Հայաստանը պետք է անդամակցության հարցը քննարկի Եվրամիության հետ: Մինչ օրս այդպիսի քննարկումների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել: Ավելին՝ Եվրամիությունից որևէ ազդակ չկա, որ Հայաստանին այնտեղ սպասում են:

ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանին «Ազատություն»-ն այսօր հարցրեց՝ վարչապետի նշած ճանապարհային քարտեզը մշակելու ուղղությամբ Եվրամիության հետ կա՞ն քննարկումներ: Պապոյանն առաջարկեց հարցը մի կողմ թողնել, փոխարենը ներկայացրեց, թե իր ղեկավարած գերատեսչությունն օրենսդրական ինչ փոփոխություններ է կատարում սպառողների շահերի պաշտպանության, Հայաստանի մրցունակության բարձրացման ուղղությամբ. - «Եթե դա, իհարկե, կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի, բնականաբար՝ ավելի լավ, բայց մեր օրակարգը հետևյալն է՝ առաջին հերթին մեր երկրում ամեն ինչ լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելը»:

Հարցին՝ Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ անդամ դառնալն է՞, թե՞ ոչ, նախարարն արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ Հայաստան ամենահիմնական նպատակը, բնականաբար, 29 հազար 743 կիլոմետրով, միջազգայնորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է»:

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահն ուղիղ կապ է տեսնում Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարությունների և դրանց նախորդած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի միջև:

«Փաշինյանը ստացավ Պուտինից համաձայնություն՝ 2026 թվականին խոչընդոտներ, համենայն դեպս, չստեղծվեն իր վերընտրության համար», - ասաց Տիգրան Խզմալյանը:

Նա համաձայն չէ որոշ իշխանականների այն պնդումներին, թե Կրեմլից նախընտրում են, որ Հայաստանում իշխանություն փոխվի, և երկրի ղեկավարումն անցնի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին:

«Պուտինին պետք չեն դաշնակիցներ, նրան պետք են ստրուկներ, նրան պետք է ծառա: Ասենք, մարդը, որին նա ընկեր համարում, անհարմար նրան, որովհետև նա կսկսի Լուկաշենկոյի պես պահանջներ դնել, բայց դա կլինի ինչ-որ դիսկոմֆորտ Պուտինի համար: Փաշինյանին կարելի է ամեն ինչում շարունակել մեղադրել, ստորացնել, նվաստացնել և շարունակել ասել՝ հայերը իրենք են մեղավոր, բայց իրենք են ընտրել դա: Քանի որ Փաշինյանը կատարում է այդ լուռ համաձայնությունը, նա ավելի հարմար է, քան Ռոբերտ Քոչարյանը», - նշեց Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավարը:

Խզմալյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը եվրոպական ձգտումների ունեն, հիմնավորում է՝ հենց դրա համար էլ իրենց իսկ ընդունած օրենքին հակառակ են գործում: Ասում է՝ դրա պատասխանը «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա մեկ տարի անց՝ հերթական ընտրություններին:

«Հիմա իրենք վերլուծեցին և որոշեցին, որ ավելի կարևոր է վերընտրվել 26 թվականին: Մենք հասկացանք, որ նրանք մեզ այլևս չեն լսելու, և եվրոինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարությանը», - հայտարարեց Տիգրան Խզմալյանը:

Հայ-ռուսական լարվածության համար լրացուցիչ պատճառ դարձած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են՝ Երևանը պետք է ընտրի կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն: Միջազգային հանրապետական ինստուտի անցած տարի անցկացված հարցման տվյալներով՝ եթե անցկացվեր Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե, 58 տոկոսը կողմ կքվեարկեր:


XS
SM
MD
LG