Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիներ են փոխանակել: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Ուկրաինային է վերադարձվել 270 զինծառայող և 120 քաղաքացիական անձ: Նույնքան ռազմագերի և քաղաքացիական անձ էլ վերադարձել է Ռուսաստան:
Սա «1000-ը 1000-ի դիմաց» սկզբունքով փոխանակման առաջին փուլն է, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին մայիսի 16-ին՝ Ստամբուլում կայացած հանդիպմանը: Պատերազմի սկսվելուց ի վեր սա կդառնա ամենախոշոր փոխանակումը:
Առայժմ անորոշ է ռուս - ուկրաինական հաջորդ հանդիպման վայրն ու օրը: Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ռուս - ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ: Ընդ որում՝ Եվրոպան և ԱՄՆ-ը հանդիպման հավանական վայր են դիտարկում Վատիկանը, սակայն ռուսական կողմը հակված է բանակցությունները շարունակել Ստամբուլում: Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան և Կիևը դեռ չեն համաձայնեցրել հանդիպման դետալները:
«Իհարկե, այս որոշումը չի կարող կայացնել մեկ կողմը։ Դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։ Երբ ժամանակը գա, այս որոշումը, բնականաբար, կկայացվի»,- նշել է Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի արտգործնախարարն, իր հերթին, ասել է, որ բանակցությունների երկրորդ փուլ կլինի, սակայն որպես հանդիպման վայր Վատիկանն այդքան էլ լավ տարբերակ չէ: Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստում է խաղաղության համաձայնագրի հուշագիրը և այն, ի վերջո, կփոխանցի Կիևին: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ հուշագրի հիմքում կլինի այն, թե որոնք են հակամարտության բուն պատճառները և ինչպես պետք է դրանք վերացվեն։
«Այժմ գլխավոր խնդիրն է պատրաստել խաղաղության համաձայնագիր, որը կլինի հուսալի և կապահովի երկարատև, կայուն և արդար խաղաղություն՝ առանց որևէ մեկի համար անվտանգության սպառնալիքներ ստեղծելու։ Այս դեպքում մեզ հետաքրքրում է Ռուսաստանի Դաշնությունը», - հայտարարել է Լավրովը:
Նա նաև ասել է, որ Ուկրաինայում միլիոնավոր ռուսախոս մարդիկ են ապրում, և, Կիևում չպետք է պատրանքներ ունենան, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո այդ մարդիկ կապրեն Կիևի այսօրվա վարչակարգի ընդունած օրենքներով, Ռուսաստանը դա թույլ չի տա: Ըստ Լավրովի՝ կարևոր է նաև, թե որքանով լեգիտիմ կլինեն ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրողները: Նրա խոսքով՝ լավագույն տարբերակը կլինի այն, որ Ուկրաինայում մինչ այդ ընտրություններ անցկացվեն:
Ուկրաինայի նախագահն էլ ասել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա հնարավորինս շուտ, քանզի Ուկրաինայի շահերից չի բխում պատերազմի երկարաձգումը: Ողջ աշխարհին է հայտնի, որ Ռուսաստանի մեղքով է պատերազմը դեռ շարունակվում, մինչդեռ Ուկրաինան անում է անհրաժեշտ ամեն բան այն դադարեցնելու համար, նշել է Վլադիմիր Զելենսկին:
«Մենք մեր կողմից կատարում ենք անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից փոխադարձ պատրաստակամությունը, և այն դեռ չկա։ Առանց գլոբալ ճնշման սա չի փոխվի», - պնդել է Զելենսկին:
Մինչ Մոսկվան ու Կիևը որոշում են հաջորդ հանդիպման տեղն ու ժամը, Մեծ յոթնակի երկրները Կանադայում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել են, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին, ապա կմեծացնեն ճնշումը, այդ թվում՝ պատժամիջոցների հետագա խստացման միջոցով:
Մինչ այդ, ռուսական կողմը Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի է ստեղծում։ Նախօրեին նախագահ Պուտինն ասել էր, թե այժմ ռուսական զինուժը զբաղված է ուկրաինական կրակակետերը վերացնելով։
«Մեր զինուժը ներկայումս լուծում է այս խնդիրը, հակառակորդի կրակակետերն ակտիվորեն ճնշվում են, աշխատանքները շարունակվում են», - հայտարարել է ՌԴ նախագահը:
Իսկ այս ընթացքում ռազմական գործողությունները շարունակվում են: Երրորդ օրն է՝ ուկրաինական զինուժն անօդաչուներով հարձակվում է Մոսկվայի և այլ քաղաքների վրա: Մոսկվայում տասնյակ անօդաչուներ են խոցվել, քաղաքի կենտրոնում, այդ թվում` Կրեմլի շրջակայքում, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ են տեղակայվել:
Գիշերը մի պահ դադարեցվել է Մոսկվայի և չորս այլ քաղաքի օդանավակայանների աշխատանքը: Լիպեցկում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել գործարանում, որը մարտկոցներ է արտադրում նաև անօդաչուների համար: Տուլայում 20-ից ավելի տուն է վնասվել:
Ռուսական բանակը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներով հարվածել է Օդեսայի նավահանգստին և Խարկովին, կան զոհեր և վիրավորներ: Պոլտավայում ռուսական հարվածից ձեռնարկություն է ավերվել: Ռուսական կողմը հաղորդել է, որ Խարկովում ևս մեկ բնակավայր է վերցրել: