Մատչելիության հղումներ

«Ոջիլ, տխմար». Աննա Հակոբյանի սոցցանցային ակտիվությունը՝ քննարկման թեմա


Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինը վերջին 3 օրում 13 սոցցանցային գրառում է արել, որոնցում մարդկանց անվանում է «էշ», «ոջիլ», «ինտելեկտուալ ղզիկներ», «անդաստիարակ»: Ամենահաճախ հանդիպող բառը «տխմար»-ն է, իսկ մի քաղաքացու բաժին է հասել որակումների ամենամեծ շղթան՝ «հեռավոր գյուղում ծվարած տխմար, անգրագետ, ապուշ, անուղեղ»:

Ի՞նչ է տեղի ունենում այս բառապաշարի ընդմիջումներին, առաջին տիկինը հիմնավորում է. «Ես շարունակում եմ առաջարկել և հուսալ, որ մեր հանրային խոսքի որակը կփոխվի, մակարդակը հատակից կբարձրանա, քանի դեռ այս առաջարկը ծաղրի ու հայհոյանքի է արժանանում, պատասխանը կլինի համարժեք»:

«Կրթությունը նորաձև է» արշավի գլխավոր գաղափարախոսը դեռ 20 օր առաջ գրել էր, որ «մոտ 50 չարացած ու ագրեսիվ հայրենակից կա, որ տգիտության պատիվն են բարձր պահում», ասում՝ ինչ փչում է խելքներին, իսկ հազարավորներ աջակցում են իր գաղափարին:

«Մենք՝ մնացած բոլորս, պետք է կրթվենք, պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ և ավելի երջանիկ դառնալու համար», - նշել էր նա:

Ինչո՞ւ է առաջին տիկինն ավելի բարի լինելու հորդորը մի կողմ դրել ու անցել համարժեք պատասխանի: Մի քանի օր է՝ համացանցը քննարկում ու ավելի ու ավելի է զարկ տալիս ատելության խոսքին:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք՝ Աննա Հակոբյանը որևէ մեկի դեմ հայցադիմում չի ներկայացրել: Արդյոք պատրաստվո՞ւմ է՝ այս հարցը գրավոր ենք ուղղել առաջին տիկնոջը, սպասում ենք պատասխանի:

Լրագրողները խորհրդարանի խոսնակից հետաքրքրվել են՝ իրավական երկրում վիրավորվածը պիտի՞ դատարան չդիմի վիրավորական բառերի շարանի փոխարեն: Ալեն Սիմոնյանը չգիտի՝ դիմել են, թե ոչ, բայց Աննա Հակոբյանի սոցցանցային վարքում խնդիր չի տեսնում:

«Այսօրվա մեդիադաշտի և սոցցանցերի բարձիթողի իրավիճակում ես համարում եմ՝ յուրաքանչյուր մարդ ազատ է արձագանքել այն ձևով, ինչ ձևով ուզում է», - ասել է նա:


Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG