ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում լսումների ժամանակ պատասխանել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ քաղաքականության հասցեին հնչեցված քննադատություններին։
Նա հակադարձել է սենատոր Ջին Շեհինի այն հայտարարությանը, թե Թրամփը թույլ է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ժամանակ շահել՝ զրկելով ԱՄՆ-ին ճնշման լծակներից, մասնավորապես՝ Ուկրաինային օգնության դադարեցման կամ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարից հրաժարվելու միջոցով։
Ռուբիոն հայտարարել է, որ մինչև այժմ ոչ մի զիջում չի արվել հօգուտ Պուտինի։ Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չի վերացվել, իսկ Ուկրաինային հետախուզական տեղեկատվության և զենքի փոխանցումը միայն ժամանակավոր է դադարեցվել և այնուհետև վերականգնվել է։ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն համագործակցում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ Ուկրաինային անհրաժեշտ «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու ուղղությամբ: