Մատչելիության հղումներ

«Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ». Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ


Բողոքի նախորդ ակցիայից մեկ շաբաթ անց հայաստանցի կոնյակագործներն ու գինեգործներն այսօր կրկին Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել: Ասացին՝ դեսպանատնից պատասխան չեն ստացել, թե ինչո՞ւ է Հայաստանից Ռուսաստան կամ մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքը շաբաթներով, կամ ամսով ստուգվում վրացական մաքսակետում:

Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներն ասում են՝ առաջին անգամ են վրացական կողմում այսպիսի խնդիրների հանդիպում, չեն հասկանում՝ եթե իրենց ապրանքն այնտեղ չի վաճառվելու, ինչո՞ւ է Վրաստանը որոշել խմիչքի որակը ստուգել: Այդ ընթացքում իրենք ռուս գործընկերների հետ կնքած պայմանագրային ժամկետներն են կորցնում, հայկական խմիչքի համար նախատեսված դարակաշարերն, ասում են, ադրբեջանականով են լցվում, աշխատակիցները կրճատման վտանգի առջև են կանգնած:

Մի քանի շաբաթ է՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարբեր առիթներով ընդունում է, որ խնդիր, բայց պնդում է, թե պատճառներն իր համար էլ են անհասկանալի: Հայաստան այցելած վրացի պաշտոնյաների հետ, ասաց, քննարկել է հարցը, անցած հինգշաբթի չէր բացառել, որ գուցե առաջիկայում ինքն էլ Վրաստան մեկնի նաև այս խնդրի հետքերով:

Նախարարի մամուլի խոսնակն այսօր ասաց՝ դեռ չի գնացել, իսկ նախարարությունն ամենօրյա ինտենսիվ աշխատանքներ է կատարում հարցի կարգավորման համար: Բայց թե ի՞նչ աշխատանք է օրականացվում ու ինչո՞ւ է վրացական կողմը խնդիր ստեղծում, այսօր էլ նախարարությունից պատասխան չստացանք:

Ալկոհոլ արտադրող ընկերությունների աշխատակիցներն անհանգիստ են՝ այդ խմիչքը պետք է տեղ հասնի, վաճառվի, որ իրենք էլ աշխատավարձ ստանան ու ապրեն:

Վրաստանի ֆինանսների նախարարությունն օրերս հերքել էր տեղեկությունները, թե իրենք ուշացնում են հայկական կոնյակի և գինու առաքումները: «Ստանդարտ մաքսային ընթացակարգեր են գործում»,- ընդգծել էին Թբիլիսիից:

«Արկոն թրեյդ» ընկերության հիմնադիրն էլ հարցնում է՝ ինչպե՞ս եղավ, որ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև նախորդ շաբաթվա բողոքի ակցիայից հետո միանգամից 20 հայկակն բեռնատար թույլ են տվել անցնել, բայց հաջորդ խմբաքանակը նորից անժամկետ կանգնեցրել են: Ասում է՝ առաջին անգամ են տարանցիկ երկրում այսպիսի խնդիրների բախվում, սա՞ է սովորական ընթացակարգը, հարցնում է:

«Արդյոք դա ստանդարտ մաքսային գործընթա՞ց է, երբ որ տրանզիտ բեռները բոլորն անխտիր անցկացնում են որակի հետ կապված որոշակի փորձաքննություն: Եթե ման են գալիս կանտրաբանդա, էդ դեպքում թող խուզարկեն մեքենան, բաց թողնեն: Մնացածն արդյոք իրանց գո՞րծն է», - ասաց ընկերության հիմնադիր տնօրենը:

Բողոքիա ակցիային միացած Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ոչ մի մանդատ չունի խնդիրը լուծելու: «Սա պետական մակարդակով լուծվող հարց է», - ասաց նա:

Ըստ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահի՝ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի անցակետում, հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Նշեց՝ տրանզիտային բեռները պետք է հանգիստ տեղաշարժվեին Վրաստանի տարածքով:

«Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը և զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմիններն ու Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում չի դիմում դեռևս այդ դժգոհությունն արտահայտելու համար», - ընդգծեց նա:

Մակարյանը նշեց՝ Վրաստանի տնտեսությունը Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության տակ է, Հայաստանը, սա հաշվի առնելով, պետք է վրացական կողմի հետ քննարկումներ սկսի:

«Վրաստանը կարծում եմ, որ փորձում է թուրք-ադրբեջանական այդ երկվորյակային զույգին հաճոյանալ: Երկրորդը՝ Վրաստանը արտահանում է մոտավորապես 250 միլիոն դոլարի գինի ու կոնյակ: Կոնյակը կազմում է 1,5 միլիոն շիշ, փոքր թիվ, Հայաստանի արտահանման ծավալը կոնյակների կազմում է 20-25 միլիոն շիշ: Թվում է, թե շատ փոքր թիվ է, բայց Վրաստանի այս գործելակերպը և առավել, որ նա վերցնում է մեր արտահանողների փաստաթղթերն ուսումնասիրում է, տեսնում է կոմերցիոն գաղտնիքները՝ որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը, որը վաճառվում է այդ գնով: Այդ ամբողջ ինֆորմացիան, ես ենթադրում եմ, որ վաղը-մյուս օր փոխանցելու են իրենց կոնյակագործներին և փորձելու են այս շուկան խաթարելով գրավել: Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ», - ընդգծեց նա:

Այսօր դեսպանատուն հանդիպման մտած մասնակիցներից երկուսը դուրս եկան ու իրենց ծափերով դիմավորող հավաքվածներին փոխանցեցին՝ ուրախանալու ոչինչ չկա. - «Կոնսուլն ասաց՝ դատի տվեք վրացիներին»:

Այսօր մի քանի անգամ կարճ ժամանակով փողոց փակած ակցիայի մասնակիցները ընթացքում պահանջում էին, որ նախ դեսպանատան աշխատակիցը դուրս գա իրենց հետ խոսի, հետո կառավարությունից որևէ ներկայացուցիչ իրենց մոտենա: Բայց Որոշ ժամանակ անց երթով շարժվեցին դեպի կառավարություն, կեսից դադարեցրին երթը: «Ազատությանն» ասացին՝ կառավարությունից խոստացել են իրենց հարցերին վաղը պատասխանել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG