Ադրբեջանի դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց երիտասարդ գիտնական Իգբալ Աբիլովին՝ նրան մեղավոր ճանաչելով պետական դավաճանության գործով։ Մեղադրանքի հիմքում «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցությունն» ու «Ադրբեջանում ազգային հողի վրա ատելություն սերմանելու փորձերն» են։
Աբիլովը կտրականապես հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ ինքը բացառապես գիտական ուսումնասիրությամբ է զբաղվել։
Ծագումով թալիշ Աբիլովն ազգագրագետ է, Ռիգայում գրանցված «Թալիշի ազգային ակադեմիա» գիտական կազմակերպության հիմնադիրն է։ Նրա գլխավորած կազմակերպությունը թողարկում է ամսագիր, որում հրապարակվել են նաև հայ պատմաբան Գառնիկ Ասատրյանի հոդվածները։ Ադրբեջանի իշխանական մամուլը պնդում է, թե Աբիլովն իբր գաղտնի բանակցություններ ու գործարքներ է ունեցել հայ մտավորականի հետ Skype-ի միջոցով։
Թալիշներն Ադրբեջանում ամենաշատ հալածանքների ենթարկված ազգային փոքրամասնություններից են, որոնց նկատմամբ Բաքվի բռնաճնշումների մասին տարիներ ի վեր բարձրաձայնում են ամենահեղինակավոր միջազգային կառույցները՝ Եվրոպայի խորհրդից մինչև Human Rights Watch։ Անկախ աղբյուրները փաստում են, որ թալիշներն Ադրբեջանում բախվում են ինքնության պահպանման խնդիրների, անջատողականության անհիմն մեղադրանքների, զրկված են սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից։