Իրավապահները ԼԳԲՏ+ համայնքի նկատմամբ ատելություն չեն տեսել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքերում ու մերժել են նրա դեմ վարույթի հարուցումը:
Ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Վարդան Ղուկասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել էր, թե պատրաստ է գնդակահարել այն քահանային, ով առաքելական եկեղեցում կամուսնացնի ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչներին:
Դատախազությունը որոշել է, որ Ղուկասյանի հայտարարությունը Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ չի պարունակում, այսինքն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն պարունակող հրապարակային խոսք չէ: Իրավապահները նշում են, որ Ղուկասյանի սպառնալիքն ու դրա հասցեատերը անորոշ են և վերացական, հետևաբար այս սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ չկա:
Ղուկասյանի դեմ բողոքը ներկայացրել էր Հայաստանում տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հիմա էլ է պնդում, որ Ղուկասյանը ատելության խոսք է տարածել:
«Մենք դիմել էինք Վարդան Ղուկասյանի կողմից ատելություն տարածելու, թիրախավորելու ԼԳԲՏ անձանց, մասնավորապես՝ «եթե ուզում եք, որ ԼԳԲՏ-ները չլինեն, էկեք իմ կողքը կանգնեք», այսինքն՝ սա բացահայտ ատելություն ա ԼԳԲՏ անձանց նկատմամբ ու թշնամանք հրահրել ա: Առանց էդ էլ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար թիրախավորվում են, և հասարակության տրամադրվածությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ է՛լ ավելի ա սրվում, ու ատելության մակարդակը է՛լ ավելի ա սրվում; Ցավալի ա, որ սա, էդ ատելության քարոզը տարածում են քաղաքական գործիչները, որը որ որպես իրավապաշտպան անթույլատրելի եմ համարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
«Իրավունքի կողմ»-ն արդեն բողոքարկել է Դատախազության որոշումը: Մարտիրոսյանն ասում է՝ եթե հայաստանյան ներպետական ատյաններում հաջողության չհասնեն, կդիմեն Եվրադատարան. - «Եթե Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգերում չկարողանանք հասնել հաջողության, գնալու ենք դեպի Եվրոպական դատարան: Ցանկացած ատելության խոսք, ցանկացած թշնամանք, և առհասարակ, ոչ միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ՝ մարդո՛ւ նկատմամբ, որը հնչում ա քաղաքական գործչի, էս դեպքում՝ քաղաքապետի շրթունքներից, դա անթույլատրելի ա»:
Լիլիթ Մարտիրոսյանից բացի, նույն հարցազրույցում Վարդան Ղուկասյանի հայտարարությունների առնչությամբ բողոք էր ներկայացրել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ինքը` Վարդան Ղուկասյանն առայժմ չի մեկնաբանել իր օգտին Դատախազության որոշումը:
Իսկ ահա նախընտրական ժամանակահատվածում նրան վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել է՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձայնագրության փորձաքննության եզրակացությանն են սպասում, այլ մանրամասներ չփոխանցելով: Պարզ չէ՝ Ղուկասյանն արդյոք որևէ կարգավիճակ ունի այս գործով: Բայց նա արդեն իսկ մեղադրյալ է իր նախորդ պաշտոնավարման շրջանին առնչվող՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման ու ապօրինի հարստացման գործերով: Որևէ մեկով դեռ վճիռ չկա: