Վաշինգտոնն ակնկալում է Մոսկվայից այս շաբաթ ստանալ Ուկրաինայում հրադադար հաստատելու պայմանների ցանկը, ինչի շուրջ նախագահներ Թրամփն ու Պուտինը պայմանավորվել էին երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Մարկո Ռուբիոն հերքել է մեղադրանքները, թե Թրամփը Պուտինին զիջումներ է արել այդ զրույցի ժամանակ, նաև չի համաձայնել պնդմանը, թե Պուտինը մտադիր չէ հրադադար հաստատել ու ժամանակ է ձգում:
Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ դա կարող է խանգարել բանակցություններին: Պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ Կիևին անհրաժեշտ Patriot համակարգեր մատակարարելու համար, ապա ասել է, թե որն է հակամարտության կարգավորման հիմնական խնդիրը:
«Ուկրաինայում հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է մի բան, որը չունի հիմա և որն ունենալու իրավունք չունի, իսկ Ուկրաինան ցանկանում է մի բան, որը չի կարող վերադարձնել ռազմական ճանապարհով։ Սա է խնդրի ամենադժվար մասը», - ասել է Ռուբիոն:
Մոսկվայի արձագանքը չի ուշացել: Կրեմլի խոսնակն ասել է, որ հրադադարի հաստատման համար անհրաժեշտ պայմանների առանձին ցանկ կներկայացվի, ինչպես կողմերը պայմանավորվել են Ստամբուլում։ Դմիտրի Պեսկովը կոնկրետ չի պատասխանել հարցին, թե երբ պատրաստ կլինի խաղաղության համաձայնագրի հուշագիրը, միայն ասել է, որ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
«Ոչ ոք հետաքրքրված չէ գործընթացը ձգձգելով: Բոլորը շատ դինամիկ աշխատում են: Բնականաբար մենք ձեզ կտեղեկացնենք», - վստահեցրել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նաև նշել է, որ բանակցությունները Վատիկանում անցկացնելու առաջարկի շուրջ դեռ որոշում չունեն:
Ռուսաստանի արտգործնախարարն, իր հերթին, այսօր Երևանում ասել է, թե Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ անհրաժեշտ է Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելուն ուղղված կոնկրետ քայլեր մշակել: Սակայն, ըստ Սերգեյ Լավրովի, կողմերը պետք է նպատակ դնեն առաջին հերթին վերացնել հակամարտության բուն պատճառները։
«Զրույցի արդյունքում Պուտինը և Թրամփը համաձայնել են, որ անհրաժեշտ է աշխատել երկարաժամկետ կայուն կարգավորման համար կոնկրետ քայլերի նախապատրաստման ուղղությամբ: Այո՛, այդ թվում՝ օգտագործելով հրադադարի հնարավորությունը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը դժգոհել է խնդրի կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումից: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, ինչը վկայում է, որ ԵՄ-ն ցանկանում է, որ ճգնաժամն է՛լ ավելի խորանա:
Մինչ Վաշինգտոնը Մոսկվայից պատասխանի է սպասում, Ուկրաինայի նախագահը ողջունել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության կողմից երեկ պատժամիջոցների 17-րդ փաթեթի ընդունումը: Երեկոյան ուղերձում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատժամիջոցները պետք է թիրախավորեն Ռուսաստանի բոլոր ոլորտները, որոնք այդ երկրին հնարավորություն են տալիս շարունակել այս արյունալի պատերազմը: Զելենսկին նաև ասել է, թե կարևոր է, որ ԱՄՆ-ը շարունակի ներգրավված լինել խաղաղության հաստատման գործընթացում։
«Հենց Ամերիկայից է Ռուսաստանը վախենում, և հենց ամերիկյան ազդեցությունն է, որ կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, եթե այն օգտագործվի որպես լծակ՝ ստիպելու Պուտինին, որ դադարեցնի պատերազմը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Այս ֆոնին Ռուսաստանի նախագահը երեկ այցելել է Ուկրաինայի հետ սահմանամերձ Կուրսկ՝ առաջին անգամ այն բանից հետո, երբ անցած ամիս Ռուսաստանը հայտարարեց, որ ուկրաինական զորքին դուրս է մղել այդ շրջանից։ Կամավորների հետ հանդիպմանը Պուտինն ասել է, որ ուկրաինական բանակը շարունակում է Ռուսաստանի սահմանը հատելու փորձերը, և իրադրությունը Կուրսկում դեռ բարդ է:
«Սահմանային գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ նույնիսկ հակառակորդից ազատագրվելուց հետո … Ընդհանուր առմամբ, ամբողջ Կուրսկի շրջանը բախվել է խնդիրների, որոնք բնորոշ են սահմանային գոտուն», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Այս ընթացքում ռազմաճակատում իրադրությունը մնում է լարված: Ռուսական զինուժը հրթիռակոծել է Սումիում գտնվող զորավարժարանը, զոհվել է վեց զինծառայող, վիրավորվել ավելի քան 10-ը։ Անօդաչուների հարձակմանն են ենթարկվել ուկրաինական մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Կիևը, կան տուժածներ:
Ուկրաինական զինուժն էլ անօդաչուներով հարվածել է ռուսական մի քանի շրջանի, Զապորոժիեի ատոմակայանի ուսկենտրոնին, Լիպեցկում գտնվող էլեկտրատեխնիկայի գործարանին: Վերջին 24 ժամում երկու անգամ ժամանակավորապես փակվել են Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները: «Շերեմետևոն» ևս ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Ռուսական զինուժը Մոսկվային մոտեցող մի քանի անօդաչու է խոցել: