Արջուտի ոսկու հանքի աշխատակիցներն առաջին անգամ կտրուկ պահանջներ են ներկայացնում իրենց գործատուին: Պատճառը չբարձրացող աշխատավարձերն են ու հավելյալ աշխատաժամերը:
Երկու տարի գործող հանքավայրի տասնյակ աշխատողներ արդեն մի քանի օր գործի չեն գնում: Նրանք հանքի ղեկավարությունից պահանջում են այն, ինչ վաղուց էր խոստացվել՝ արժանապատիվ վարձատրություն և օրինական աշխատաժամանակ:
«Պայմանագրով մենք ստորագրել ենք, որ աշխատելու ենք 36 ժամ, բայց շաբաթական աշխատում ենք 48 ժամ»,- պատմեց աշխատողներից մեկը:
Մյուսն էլ դժգոհեց, թե. - «Աշխատավարձը քիչ է՝ 150 000 հազար, բայց մենք աշխատում ենք 12 ժամ՝ երկու սմեն ու թույնի մեջ»:
Հանքի աշխատակիցների համբերության բաժակը լցվել է: Նրանք հիշեցնում են ղեկավարության խոստումները՝ աստիճանաբար բարձրացնել աշխատավարձերը: Խոստումներ, որոնք մնացել են օդում՝ ինչպես հանքափորների թոքերում նստած փոշին:
«Բակտեկ Էկո» ընկերությունը Արջուտի ոսկու հանքի շահագործման լիցենզիան ստացել է 11 տարի առաջ՝ 25 տարի ժամկետով, սակայն աշխատանքներն սկսել է ընդամենը երկու տարի առաջ: Այստեղ ոչ միայն արդյունահանում, այլ նաև ձուլում են ոսկին ու արծաթը՝ ամբողջական շղթայով:
Այդ մասին դեռ տարիներ առաջ լրատվամիջոցներին ընկերության տնօրեն Ազատ Վարդանյանն էր ասել:
Աշխատակիցներն իրենց հաշվարկն ունեն. եթե մաքուր ոսկի է դուրս գալիս, ապա իրենց աշխատավարձն էլ պետք է դրան համապատասխան լինի:
Վանաձորից 12 կմ, իսկ Արջուտ գյուղից՝ ընդամենը 5-6 կմ հեռավորության վրա գտնվող բաց հանքի սեփականատերը Գրիգոր Բադիրյանն է՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականն ու արդարադատության խորհրդի նախկին անդամը: Կառավարության դեռ 11 տարի առաջ տված թույլտվությամբ ընկերությունն իրավունք ունի տարեկան 100 հազար տոննա հանքաքար արդյունահանել:
Ընկերության տնօրեն Ազատ Վարդանյանի հետ խոսել չհաջողվեց: Նա կամ անպատասխան էր թողնում զանգերը, կամ լրագրողի ձայնը լսելուն պես անջատում հեռախոսը:
Օրերս ընկերության ղեկավարությունն աշխատակիցների բողոքին արձագանքելու փոխարեն, նրանց հետ հանդիպելուց ևս խուսափեց: Տարածքում միայն ընկերության անվտանգության աշխատակիցների ավտոմեքենան երևաց:
Բանվորներին տեղափոխող ավտոբուսը շեղեց իր ճանապարհը՝ մասնակիցներին հեռացնելով բողոքի վայրից: Սպասող գործընկերների կարծիքով՝ ղեկավարությունը նախապես իմացել էր լրագրողների այցի մասին:
Ղեկավարությունը ոչ միայն աշխատավարձերը վերանայելու հույս չի տվել բողոքողներին, այլև՝ հակահարվածի է գնացել: Այսօր հանքի աշխատողներից տեղեկացանք, որ պահանջ են ստացել՝ գալ և ազատման դիմումներ գրել:
Ու մինչ մաքուր ոսկին շողշողում է «Բակտեկ Էկո»-ի գրասենյակներում, հանքափորները մտադիր են շարունակել պայքարը արժանապատիվ աշխատավարձի համար: