Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Ղարաբաղում

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ, Արդաբիլով անցել է Ադրբեջան, որտեղ այսօրվանից երկու երկրները կսկսեն «Արազ-2025» համատեղ զորավարժությունները, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ վարժանքներն անցկացվելու են Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» մինչև մայիսի 21-ը։

Զորավարժությունների մեկնարկից առաջ՝ այսօր, երկու երկրների բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Բաքվում։ «Սա կարևոր քայլ է համատեղ սահմանների անվտանգությունը ամրապնդելու և հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար»,-հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին։

Անցած ապրիլին էլ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը երկօրյա համատեղ զորավարժություններ էր անցկացրել Հայաստանի հետ։ «Երկու երկրների տարածքներին որևէ վտանգ չկա, և, համապատասխանաբար, այդ զորավարժությունների անվանումը «Խաղաղություն» է»,-հայտնել էր Վալիոլլահ Մանին։