Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման հարցեր:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Դեսպանները կարևորել են Հայաստանի Կառավարության ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ։
Հայաստանի ԱԺ-ն մարտի վերջին ընդունել է Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը: Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Հայաստանի Եվրամիության անդամակցությունը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջելու, անդամակցության ճանապարհին Հայաստանն ահռելի բարեփոխումներ պետք է իրականացնի, երկրի օրենսդրությունը՝ արդարադատության ոլորտից մինչև սոցիալական՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի։
Մոսկվան էլ ասում է, թե «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ»՝ զգուշացնելով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ: