Ռուսաստանի իշխանությունները հաղորդում են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին մայիսի 22-ի գիշերը: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվային մոտենալիս խոցվել է 35 անօդաչու թռչող սարք: Տուլայում մի քանի տներ են վնասվել, իսկ երկու մարդ թեթև վիրավորվել է։
Ռոսավիացիան հայտարարել է, որ Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում մտցվել են «ինքնաթիռների մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ»։
Տուլայի մարզի ղեկավար Դմիտրի Միլյաևը իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ԱԹՍ հարձակման ժամանակ վնասվել են մի քանի տներ։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգերը հետ են մղում օդային հարձակման տասներորդ ալիքը։ Անօդաչու թռչող սարքերից մեկը բախվել է Տուլայի Պրոլետարսկի շրջանում գտնվող բնակելի շենքի տանիքին։ Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են նաև մարզկենտրոնի մի շարք այլ հասցեներում գտնվող բնակելի և ոչ բնակելի շենքեր», - ասվում է նրա հայտարարության մեջ։
Միլյաևի խոսքով՝ երկու բնակիչ թեթև վնասվածքներ են ստացել։