Ալիևը վերստին պնդում է՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերստին պահանջել է Հայաստանի իշխանություններից փոխել երկրի Սահմանադրությունը, որում Բաքուն իր նկատմամբ տարածքային պահանջներ է տեսնում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ալիևն ընդգծել է՝ սրանք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններն են։

«Դժբախտաբար, հայկական կողմը դեռևս չի ցանկանում ընդունել այս երկու պայմանները։ Սակայն, վերջին տարիների իրադարձությունները և գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին»,-հայտարարել է Ալիևը, պնդելով, որ Բաքվի պահանջներում «որևէ արտառոց բան չկա»։

Ադրբեջանի նախագահն այս մասին խոսել է Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։ Հունգարիայի առաջնորդն, իր հերթին, շնորհավորել է Ալիևին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, փաստաթուղթը մոտ ժամանակներս ստորագրելու հույս հայտնել:

Պաշտոնական Երևանը բազմիցս պնդել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան հարևան երկրի նկատմամբ: Դա կրկնեց նաև վարչապետ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը:

Սակայն, Հայաստանի արդարադատության նախարարությունը Մայր օրենքի նոր տեքստ է գրում: Թեև պնդում են՝ դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ, բայց վարչապետը հրապարակել է իր տեսակետը՝ նոր տարբերակում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Բաքուն հենց Անկախության հռչակագրի մեջ է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ տեսնում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ձևակերպման պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեմ բացառում՝ Բաքվի հետ քննարկումները շարունակվեն երկրների ղեկավարների ձևաչափով. ԱԺ նախագահ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը կարևորել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը