Բունդեսթագի նախկին պատգամավորը խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորը Մյունխենում տեղի ունեցած դատավարության ընթացքում խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել։

Էդուարդ Լինտները մասնավորապես պատմել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրեն վճարել է, հավելելով, որ իր կարծիքով «նման լոբբինգը գործնականում ամենուրեք է»։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանը, ենթադրաբար, մի քանի տարի շարունակ մի խումբ քաղաքական գործիչների կանխիկ գումար է վճարել ԵԽԽՎ-ում իր օգտին գործունեություն ծավալելու դիմաց։ Ադրբեջանի կողմից կաշառված պատգամավորների թվում էր նաև Լինտները, ով 33 տարի եղել է Բունդեսթագի անդամ, իսկ մինչև 2010 թվականը՝ ԵԽԽՎ անդամ։

Մյունխենի դատախազությունը պնդում է, որ Լինտները մինչև 2016 թվականը օտարերկրյա կեղծ ընկերությունների միջոցով ստացել է «մի քանի միլիոն եվրո»։

80-ամյա քաղաքական գործիչը մեղադրվում է օտար պետության կառավարությունից վճարումներ ստանալու և դրանք Քրիստոնեա-դեմոկրատական միության մեկ այլ պատգամավորի փոխանցելու մեջ․ վերջինս մահացել է։

DPA-ի հետ զրույցում ևս Լինտները խոստովանել է, որ ստացել է գումար, բայց պնդել է, որ դա կաշառք չէ։

Այս գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի վերջին։
Լինտներից բացի, ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև ՔԴՄ նախկին պատգամավոր Ակսել Ֆիշերը։ Կաշառակերության մեջ մեղադրվող Ֆիշերը նույնպես հերքում է մեղադրանքները։