Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին՝ Խուրվալեթիի մոտ, Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ «ռուսական ուժերի ներկայացուցիչները ապօրինաբար ձերբակալել են» Վրաստանի երեք քաղաքացիների Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին գտնվող Խուրվալեթի գյուղի մերձակայքում։

Ծառայության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկն արդեն ազատ է արձակվել և գտնվում է Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Մյուս երկուսն այս պահին շարունակում են գտնվել կալանքի մեջ։

Դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո գործի է դրվել «թեժ գիծը»՝ Եվրոպական միության դիտորդական առաքելության մասնակցությամբ։ Տեղեկատվությունն ուղարկվել է նաև Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։

ՊԱԾ-ը հայտարարում է, որ օգտագործվում են բոլոր հասանելի մեխանիզմները՝ ձերբակալված քաղաքացիների հնարավորինս արագ ազատումը ապահովելու համար։

Միջադեպի վերաբերյալ ինքնահռչակ Հարավային Օսիայի իշխանությունները մեկնաբանություն չեն արել: