13:50
Կոնյակագործները Վրաստանի դեսպանատան մոտ ավարտեցին իրենց բողոքի ակցիան ու երթով շարժվում են դեպի կառավարություն:
13:31
Ակցիայի մասնակիցները դեսպանատան դիմացի ճանապարհը փակեցին:
Հինգ րոպեով անց ճանապարհը բացեցին՝ ժամանակ տալով, որ կառավարությունից ներկայացուցիչ գա իրենց հետ հանդիպման:
Ապա որոշ ժամանակ անց որոշեցին ակցիայով շարժվել դեպի կառավարության շենք:
12:48
Հայ կոնյակագործները կրկին Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ են մեկ շաբաթ անց իրենց նախորդ ակցիայից: Անցած շաբաթ մի քանի ժամ ընթացած բողոքի ակցիայից հետո նրանցից երկուսին դեսպանատանն ընդունել էին:
Ըստ մասնակիցների՝ իրենց խոստացել էին պաշտոնական Թբիլիսիի պատասխանն ասել, թե ինչու են վրացի մաքսավորներն անցակետում շաբաթներով կամ ամիսներով պահում ալկոհոլային խմիչքը, պնդելով, թե լաբորատոր ստուգումներ են անում:
Կոնյակագործներն այսօր կրկին ասացին՝ Վրաստանը տարանցիկ երկիր է, այդ խմիչքը ՌԴ ու մերձբալթյան երկրներ է գնում, այնտեղ է վաճառվելու, ինչո՞ւ են հարևան երկրում ստուգում:
Դեսպանատուն հանդիպման մտած մասնակիցներից երկուսը դուրս եկան ու իրենց ծափերով դիմավորող հավաքվածներին փոխանցեցին՝ ուրախանալու ոչինչ չկա. «Կոնսուլն ասաց՝ դատի տվեք վրաց մաքսավորներին»:
Վրացական կողմն էլ մինչև այսօր պաշտոնական պատասխան չունի, թե ինչու են հայ կոնյակագործներն իրենց մաքսային տարածքում այսպիսի խնդիրների առաջ կանգնում:
Նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ համար էլ է անհասկանալի, թե ինչու է վրացական կողմը շաբաթներով կամ ամիսներով կանգնեցնում հայկական մեքենաները:
«Անկեղծ պիտի լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են, և փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել», - ասել էր նա:
Նախարարը հայտնել էր, որ առաջիկա օրերին այցելելու է Վրաստան՝ խնդիրը տեղում հասկանալու և լուծելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էկոնոմիկայի նախարարի համար անհասկանալի է վրացական կողմի վարքագիծը՝ հայկական մեքենաների հետ կապված ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնյակագործների և բեռնափոխադրողների բողոքի ակցիա՝ Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց