ՔՊ-ից հայտարարում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա. «Եվրաքվեից» հակադարձում են՝ եվրաինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարության

Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ

Հայաստանի եվրոպական ձգտումների մասին բարձրաձայնող իշխող ուժից էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և կառավարությունն այդ միությունից դուրս գալու օրակարգ չունի:

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ, ա՝ կրկնում եմ, մենք հիմա էս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, բ՝ Հայաստանի Հանրապետությունը հայտ չի ներկայացրել, և այլ օրակարգ այսօրվա, ես գոնե՝ որպես կառավարության անդամ, չգիտեմ, չկա, ժողովուրդ ջան», - այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Պապոյանը:

Խորհրդարանի իշխող մեծամասնությունը մոտ երկու ամիս առաջ ընդունեց կառավարության հավանությանն արժանացած՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը որպես քաղաքացիական նախաձեռնություն հեղինակել և ներկայացրել էր արևմտամետ ուժերից բաղկացած «Եվրաքվեն»:

Շաբաթներ առաջ փոխարտգործնախարարն «Ազատությանն» ասել էր, որ օրենքն ընդունելուց հետո կառավարությունը ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արել: Արդեն երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին հայտնեց՝ բացի այն, որ Հայաստանն անդամակցության հայտ չի ներկայացրել, նաև այդ ուղղությամբ բանակցություններ չի վարում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Երևանի օրակարգում չկա՝ չնայած դիրքորոշումներում ակնհայտ տարբերություններին

«Եվրաքվեից» Տիգրան Խզմալյանը չի թաքցնում՝ կասկածներ ունեցել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս դեպքում էլ որոշում կայացնելու փոխարեն կընտրի գործընթացը սառեցնելու ճանապարհը:

«Իրենք գերադասում են սառեցնել, այսինքն՝ իրենք սառեցրեցին ՀԱՊԿ-ից դուրս գալը և իրենք սառեցնում են ԵՄ մտնելը: Այսպիսի սառեցված վիճակ այս ամառային շոգերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խզմալյանը:

«Էս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք էն ճանապարհային քարտեզը, որը իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք». - ամիսներ առաջ կառավարությունում նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե Հայաստանը պետք է անդամակցության հարցը քննարկի Եվրամիության հետ: Մինչ օրս այդպիսի քննարկումների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել: Ավելին՝ Եվրամիությունից որևէ ազդակ չկա, որ Հայաստանին այնտեղ սպասում են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանին «Ազատություն»-ն այսօր հարցրեց՝ վարչապետի նշած ճանապարհային քարտեզը մշակելու ուղղությամբ Եվրամիության հետ կա՞ն քննարկումներ: Պապոյանն առաջարկեց հարցը մի կողմ թողնել, փոխարենը ներկայացրեց, թե իր ղեկավարած գերատեսչությունն օրենսդրական ինչ փոփոխություններ է կատարում սպառողների շահերի պաշտպանության, Հայաստանի մրցունակության բարձրացման ուղղությամբ. - «Եթե դա, իհարկե, կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի, բնականաբար՝ ավելի լավ, բայց մեր օրակարգը հետևյալն է՝ առաջին հերթին մեր երկրում ամեն ինչ լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելը»:

Հարցին՝ Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ անդամ դառնալն է՞, թե՞ ոչ, նախարարն արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ Հայաստան ամենահիմնական նպատակը, բնականաբար, 29 հազար 743 կիլոմետրով, միջազգայնորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է»:

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահն ուղիղ կապ է տեսնում Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարությունների և դրանց նախորդած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի միջև:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը ՌԴ-ում մասնակցեց Հաղթանակի օրվա շքերթին. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չկայացավ

«Փաշինյանը ստացավ Պուտինից համաձայնություն՝ 2026 թվականին խոչընդոտներ, համենայն դեպս, չստեղծվեն իր վերընտրության համար», - ասաց Տիգրան Խզմալյանը:

Նա համաձայն չէ որոշ իշխանականների այն պնդումներին, թե Կրեմլից նախընտրում են, որ Հայաստանում իշխանություն փոխվի, և երկրի ղեկավարումն անցնի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին:

«Պուտինին պետք չեն դաշնակիցներ, նրան պետք են ստրուկներ, նրան պետք է ծառա: Ասենք, մարդը, որին նա ընկեր համարում, անհարմար նրան, որովհետև նա կսկսի Լուկաշենկոյի պես պահանջներ դնել, բայց դա կլինի ինչ-որ դիսկոմֆորտ Պուտինի համար: Փաշինյանին կարելի է ամեն ինչում շարունակել մեղադրել, ստորացնել, նվաստացնել և շարունակել ասել՝ հայերը իրենք են մեղավոր, բայց իրենք են ընտրել դա: Քանի որ Փաշինյանը կատարում է այդ լուռ համաձայնությունը, նա ավելի հարմար է, քան Ռոբերտ Քոչարյանը», - նշեց Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավարը:

Խզմալյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը եվրոպական ձգտումների ունեն, հիմնավորում է՝ հենց դրա համար էլ իրենց իսկ ընդունած օրենքին հակառակ են գործում: Ասում է՝ դրա պատասխանը «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա մեկ տարի անց՝ հերթական ընտրություններին:

«Հիմա իրենք վերլուծեցին և որոշեցին, որ ավելի կարևոր է վերընտրվել 26 թվականին: Մենք հասկացանք, որ նրանք մեզ այլևս չեն լսելու, և եվրոինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարությանը», - հայտարարեց Տիգրան Խզմալյանը:

Հայ-ռուսական լարվածության համար լրացուցիչ պատճառ դարձած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են՝ Երևանը պետք է ընտրի կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն: Միջազգային հանրապետական ինստուտի անցած տարի անցկացված հարցման տվյալներով՝ եթե անցկացվեր Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե, 58 տոկոսը կողմ կքվեարկեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, եղբայրական երկիր. ԿոպիրկինՌԴ-ից փորձում են ազդել 2026-ի ընտրությունների վրա. Արսեն ԹորոսյանՄոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով. ԳրուշկոԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ ըստ Օվերչուկի, Երևանը պետք է ընտրություն կատարի