Մոսկվան բարձր է գնահատում Փաշինյանի մասնակցությունը Հաղթանակի միջոցառումներին, «չնայած արևմտյան պաշտոնյաների սպառնալիքներին». Լավրով

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Ապա նախատեսված են հայտարարությունները լրատվամիջոցների համար:

Հանդիպման բաց հատվածում Արարատ Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»:

Սերգեյ Լավրովը նախ շնորհավորել է Հաղթանակի տոնի առթիվ, ապա հավելել, որ Մոսկվան բարձր է գնահատում վարչապետ Փաշինյանի մասնակցությունը տոնի առթիվ միջոցառումներին, «չնայած արևմտյան որոշ պաշտոնյաների կողմից սպառնալիքներին»:

«Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ», - ասել է նա՝ հավելելով, որ դրա համար հիմք են եռակողմ պայմանավորվածությունները:

Սերգեյ Լավրովը երեկ է ժամանել Հայաստան:

Ռուսաստանի արտգործնախարարի այցին ընդառաջ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացրել:

Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնել էր, որ Մոսկվան ու Երևանը մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման թեմաներով:

Սերգեյ Լավրովի նախորդ այցը Երևան 3 տարի առաջ էր՝ 2022թ. հունիսին, իսկ Միրզոյանի հետ հանդիպել էր հունվարին Մոսկվայում: Հենց այդ այցից հետո Սերգեյ Լավրովն էր հայտնել, որ Միրզոյանն իրեն Երևան է հրավիրել:

Հայ-ռուսական հարաբերությունները մի քանի տարի է՝ լարված են: Դրանք վատթարացան, երբ ՀԱՊԿ-ը, որի առանցքային անդամներից է Ռուսաստանը, հրաժարվեց գնահատական տալ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Բայց վերջին շրջանում կողմերի հռետորաբանությունը փոխվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը ՌԴ-ում մասնակցեց Հաղթանակի օրվա շքերթին. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չկայացավ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, եղբայրական երկիր. Կոպիրկին