Թբիլիսին շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմամբ․ Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի, արխիվ

Թբիլիսին շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, նախօրեին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ շեշտելով՝ խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի համար։

Ընդգծելով, որ Թբիլիսին հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն է՝ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել երկու երկրների իշխանություններին՝ «հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար»։

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ապրիլի վերջին Երևանում էր։ Նա Երևանում ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հույս հայտնեց, որ շուտով այն կստորագրվի, ու տարածաշրջանում կլինի կայունություն։

Նախագահի պաշտոնում Կավելաշվիլիի առաջին արտասահմանայան այցը Բաքու էր։ Այստեղ նա ևս հույս էր հայտնել, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի»՝ շեշտելով՝ «տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրից հետո»։

Թբիլիսին բազմիցս պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունվարին Երևանում հայտարարել էր, որ Թբիլիսին ցանկանում է տեսնել տարածաշրջանը խաղաղ՝ նշելով, որ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե լավատեսությունը երկուստեք արտահայտվի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս». Խանդանյան