Վաշինգտոնում սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից

Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել՝ Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Հարձակվողը ձերբակալվել է, սակայն նրա ինքնությունը չի հրապարակվել։

Reuters-ի տվյալներով՝ թանգարանի մոտ սպանվել են մեկ տղամարդ և մեկ կին։

Ամերիկյան հրեական կոմիտեի տնօրեն Թեդ Դոյչը ABC News-ին ասել է, որ կազմակերպությունը միջոցառում էր անցկացնում թանգարանում: Իսրայելի դեսպանատան ներկայացուցիրչը CNN-ին հայտնել է, որ դիվանագիտական առաքելության ղեկավարը հարձակման պահին տարածքում չի եղել։

Ոստիկանությունը դեռևս մանրամասներ չի հայտնել սպանության հնարավոր դրդապատճառների մասին: Հարձակվողի ինքնությունը նույնպես չի բացահայտվել:NBC-ի տվյալներով՝ մի տղամարդ կրակ է բացել՝ բղավելով՝ «Ազատագրեք Պաղեստինը»։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը սպանությունները անվանել է «հակասեմական ահաբեկչության ակտ»:

«Սարսափելի սպանություններ են Կոլումբիայի շրջանում, որոնք ըստ ամենայնի հիմնված են հակասեմականության վրա, պետք է դադարեցվեն», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական կայքում։