Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա, Երևանն այդ տերմինն անգամ չի օգտագործում, «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին, ըստ IRNA-ի, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան», - նշել է նա:
Նա հիշեցրել է Իրանի նախագահի դիրքորոշումը, որ տարածաշրջանային համագործակցությունը չափազանց կարևոր է, և պետք է համատեղ ուժերով շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր։
Բաքուն Հայաստանից ճանապարհ է պահանջում, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին, ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո՝ մերժելով միջանցքային տրամաբանությունը:
Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին:
Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը, ըստ նրա գրասենյակի, խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների և առկա հնարավորությունների մասին:
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ընդգծել պայմանագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից:
ԱԽ քարտուղարը նաև հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Նրանք գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը Երևանին ու Բաքվին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը