Զելենսկին կոչ է արել Թրամփին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան չհամաձայնվի հրադադարին։

AFP-ն, հղում անելով Ուկրաինայի կառավարության անանուն բարձրաստիճան պաշտոնյային, նշում է, որ Զելենսկու և Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում ԱՄՆ նախագահը Ուկրաինայի ղեկավարին ներկայացրել է երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի բովանդակությունը։

Զելենսկին և Թրամփը զրուցել են 10-15 րոպե։ Ըստ AFP-ի աղբյուրի, Զելենսկին ասել է, որ «անհրաժեշտ է հաստատել հրադադար, ինչպես առաջարկել է նախագահ Թրամփը, և եթե դա տեղի չունենա, ապա անհրաժեշտ կլինեն պատժամիջոցներ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է քննարկվել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է ուկրաինական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի այն շրջաններից, որոնք Ռուսաստանը համարում է իրենը և պաշտոնապես ներառված է իր տարածքում։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ինքը Թրամփի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան կառաջարկի Կիևին մշակել «հուշագիր ապագա խաղաղության պայմանագրի մասին», որը կնկարագրի հակամարտության կարգավորման սկզբունքներն ու պայմանները, «ներառյալ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան համաձայնություններ ձեռք բերվեն»։

Զելենսկիի խոսքով՝ ինքը դեռևս ծանոթ չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքման «հուշագրի» մանրամասներին, որի մասին խոսել է Պուտինը։

Նա նշել է՝ միայն Ռուսաստանի առաջարկներին ծանոթանալուց հետո Ուկրաինան կկարողանա ձևակերպել իր դիրքորոշումը։

«Ոչ ոք մեր զորքերը դուրս չի բերի մեր տարածքներից։ Սա իմ սահմանադրական պարտականությունն է, սա մեր զինվորականների պարտականությունն է՝ պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է Զելենսկին։