«Օրինականացնում են կոռուպցիան», «Սա կոռուպցիան արմատախիլ անելու համար է». առաջինը բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի կարծիքն է, երկրորդը՝ պատկառելի գումարի դիմաց նվազագույն ժամկետներով ծառայելու օրինագծի հեղինակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանինը:
Նախագծով առաջարկվում է մեկ ամիս ծառայելու համար՝ 24 միլիոն, չորս ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ վճարել: Կառավարությունը հավանություն է տվել մեծ աղմուկ հանած օրինագծին:
Նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության վերջին նիստում նաեւ կոռուպցիայի դեմն առնելն էր բերում իբրեւ հիմնավորում. - «Չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել և տարբեր ճանապարհով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան և մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը»:
Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները, մինչդեռ, կարծում են՝ պետությունը կոռուպցիան արմատախիլ պետք է անի ոչ թե նման նախագծերի, այլ՝ իրավապահ համակարգի օգնությամբ:
«Ունենալով մեծ լծակներ, հանդիսանալով կառավարության ներկայացուցիչներ, հենց պաշտպանության նախարարը՝ ունենալով տվյալներ, թե քանի տոկոսն է կոռուպցիոն հիմունքներով ազատվում զինվորական ծառայությունից, պետք է խնդիրը սկսել լուծել հենց այդ տեղից, ոչ թե հասցնել այն փուլին, որ ուղղակի ֆինանսական միջոցներով փորձեն ազատել զինծառայությունից, որն, ըստ էության, որևէ դրական փոփոխություն չի առաջացնելու երկրի մարտունակության առումով»,- ասում է Հելիսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:
Հայկ Սարգսյանը իր նախաձեռնության հիմնավորման մեջ գրել է, որ վերջին 10-ը տարիներին զորակոչիկների միայն 30-40 տոկոսն է բանակ գնում: Կոնկրետ թվեր ունի՝ նախորդ 4 տարիներին մինչև զորակոչի տարիքը լրանալը Հայաստանի քաղաքացիությունից 8721 տղա է հրաժարվել: Գիտի, որ կոռուպցիոն սխեմաներ են գործում՝ հիվանդությունների վերաբերյալ առողջական կեղծ փաստաթղթերի միջոցով, ավելին, որ տարկետում ստացած ու ծառայությունից ազատվածների ավելի քան 80 տոկոսի դեպքում հիմքն առողջական խնդիրներն են, բայց չգիտի՝ իր ակնարկած կոռուպցիոն քանի՞ դեպք են իրավապահները բացահայտել:
«Կա տարի, երբ ինչ-որ հիվանդությունով զրո ազատված ունենք, կամ այդ թիվը շատ փոքր է, և ունենք տարի, որ լինում է 200-300 նման դեպք», - ասում է պատգամավորը, իսկ «քանի՞ նման դեպք է բացահայտվել» հարցին պատասխանում է՝ դա իրավապահներին հարցրեք:
«Ազատությունը» գլխավոր դատախազություն հարցում է ուղարկել՝ պարզելու թե նախորդ երկու տարիներին բանակից ազատվելու կոռուպցիոն քանի՞ սխեմա է բացահայտվել, ովքե՞ր են մեղադրյալները: Պատասխան դեռ չունենք:
«Զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ: Սա կամ նշանակում է, որ մեր սերունդը առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը», - այս խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է.
Այս հայտարարությունից գրեթե մեկուկես տարի անց նրա կուսակից Հայկ Սարգսյանն ասում է. - «Կա համատարած կոռուպցիա, հազարավոր քաղաքացիներ են ներգրավված կոռուպցիոն սխեմաների մեջ, և սա չի կարելի դնել մի կառույցի պատասխանատվության վրա ու ասել՝ դու պիտի գնաս, բացահայտես: Այո, մենք նման քաղաքական ցանկություն հայտնում ենք... չկա վերևից ներքև համատարած կոռուպցիա, չկան քվոտաներ, որ որևէ զինվորական կոմիսարիատ, ոստիկանության որևէ աշխատող կամ նախարար ունենա անձանց թիվ, ում կարողանան ասել, գիտեք ինչ կա՝ սրանց ազատեք կամ տարկետում տվեք: Համատարած կոռուպցիա կա, բայց ոչ համակարգային»:
Այնինչ իրավապաշտպանը հենց հեղինակի հիմնավորումներում բերած թիվը, որ զորակոչիկների միայն 30-40 տոկոսն է գնում բանակ, հենց համակարգային կոռուպցիայի վկայություն է համարում:
Գումարի դիմաց նվազագույն ժամկետով ծառայելու նախաձեռնությունը այս իշխանության օրոք 2 անգամ տարբեր պատճառներով օրենք չի դարձել: Եթե 6 տարի առաջ նույն Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը հենց ՊՆ-ն էր դեմ դուրս եկել, ապա 2022-ին ռազմական գերատեսչությունն ինքն առաջարկել՝ վճարել 24 միլիոն վճարել և ծառայել 4.5 ամիս:
Պատերազմող երկրի համար վտանգավոր օրինագծից՝ մինչև սոցիալական բևեռացման խորացում. քննադատությունները շատ են:
«Հստակ է, որ այդքան գումար կարող են ունենալ միայն մեծահարուստ խավի ներկայացուցիչները և բանակը կրկին մնում է միջին և ցածր խավի անձանց սահմանադրական պարտավորությունը», - ասում է Նազելի Մովսեսյանը:
Սարգսյանը հակադարձում է. - «Նախագիծը ոչ թե հարուստների համար է, այլ մեր մյուս խավերի համար: Ինչո՞ւ... որովհետև հարուստները այսօր էլ չեն ծառայում, երեկ էլ չեն ծառայել: Եվ եթե այս փոփոխությունները չկատարենք, առաջիկայում էլ չեն ծառայելու: Եվ եթե մենք առողջական կրկնակի փորձաքննությունից հրաժարվելը չքրեականացնենք, մենք չենք կարողանալու այս անձանց բերել կրկնակի փորձաքննության, որպեսզի բացահայտենք, որ իրենց առողջական թղթերը կեղծ են»:
Միջին խավի քանի՞ ներկայացուցիչ է ճանաչում, որ 24 միլիոնը կարող է հանգիստ վճարել. այս հարցին էլ Հայկ Սարգսյանը արձագանքում է. - «Միջին խավի համար 24 միլիոն վճարելը հեշտ չի կարող լինել: Ես առաջիկայում կառաջարկեմ, որ գումարը քչացվի, որպեսզի նաև, երբ համեմատում ենք կոռուպցիայի հետ, թվերը լինեն համադրելի: Եթե մենք գիտենք, որ օրինակ, կոռուպցիոն սխեմաներով 10-20 հազար դոլարի սահմաններում է տատանվում տարկետում ստանալը կամ ազատվելը, օրինական ճանապարհով կարճատև զինվորական ծառայության թվերը պետք է լինեն համադրելի, որպեսզի այս կոռուպցիոն ճանապարհները մենք փակենք»:
Իշխող ՔՊ-ում, ասում էր Սարգսյանը, կան դեմ պատգամավորներ, քննարկումները շարունակվում են, բայց բացառեց, որ կառավարության դրական դիրքորոշումից հետո խմբակցությունը դեմ քվեարկի: Պաշտպանության հանձնաժողովում նախագծերի փաթեթը կքննարկվի երկուշաբթի, նիստերի դահլիճում՝ երեքշաբթի սկսվող քառօրյայի ընթացքում:
Բանակի հետ հարաբերությունները փողով լուծելու մի քանի նախաձեռնություն հեղինակ պատգամավորն, ի դեպ, չծառայածների հետ կապ է պահում, բայց նրանց իրավապահներին չի հանձնում, երբ նույնիսկ Հայաստանում հետախուզվողի է հանդիպում: Պատմում էր. - «Այդ տղաները, որ պատրաստվում էին վճարել 10 միլիոն դրամ ու գային ծառայեին, ես նրանց հանդիպեցի Հայաստանի Հանրապետությունում, նրանցից երեքին հանդիպեցի, մյուսները եկել-գնացել էին... փորձել եմ հասկանալ՝ ինչպես է ստացվել, որ իրենք, լինելով հետախուզման մեջ, չեն ծառայել ու ազատվել են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ [10 միլիոնի] իմ օրենքը չէր ընդունվել: Եվ իրավապահների հետ համագործակցելով, իհարկե, ես տղաներին տվյալները չեմ տվել և էնպես չեմ արել, որ նրանք քրեական պատասխանատվության ենթարկվեն, քանի որ նրանք իմ հետ անձնական կապի են դուրս եկել և ստացվել է այնպես, որ իրենք բացվել են իմ մոտ...»:
Օրենք է կարևո՞ր, թե՞ անձնական հարաբերությունները. այս դիտարկմանը Հայկ Սարգսյանն արձագանքում է. - «Կարևորը հետևյալն է՝ հասկանանք, թե ինչ մեխանիզմներով են քաղաքացիներն ազատվում քրեական պատասխանատվությունից կամ հետախուզվելու, հայտնաբերվելու, կամովին ներկայանալու դեպքում չեն դատապարտվում»: