Կառավարությունն այսօր որոշ փոփոխություններով հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որով առաջարկվում է միլիոններ վճարել և բանակում ծառայել ոչ թե երկու տարի, այլ ավելի քիչ՝ մեկ կամ չորս ամիս:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց՝ պատգամավորի առաջարկած 15 և 20 միլիոնի փոխարեն իրենք առաջարկում են 18 և 24 միլիոն դրամ վճարել և կրճատել երկու տարվա ծառայությունը. - «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, և չորս ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»:
Ընդ որում, Կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի նաև, թե քանի հոգի կարող է օգտվել նման հնարավորությունից:
«Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, Կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն, մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են», - վստահեցրեց Պապիկյանը:
Զինվորական ծառայության առավելագույն տարիքը ըստ նախագծի 27-ից կդառնա 32 տարեկան, իսկ մինչև 16 տարեկան տղաները պետությանը մեխանիկորեն 15 միլիոն դրամի պարտք կունենան, որը կզրոյացվի, երբ նրանք կհաշվառվեն զինծառայության համար կամ կվճարեն այդ գումարն ու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից:
Պաշտպանության նախարարն ասում է՝ տեղյակ են, որ զինծառայությունից գումարով խուսափողներ կան, և կարծում են՝ այս կարգավորումներով գումարները կգնան ոչ թե ինչ-որ մարդկանց գրպանը, այլ՝ պետական բյուջե, որով էլ կվճարվեն այն զինծառայողները, որոնք կմասնակցեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, հինգ տարով պայմանագիր կկնքեն նախարարության հետ և ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ:
«Դրա միջոցով մենք կկարողանանք հինգ տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ նաև վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճարը, որը ստանձնել է Կառավարությունը», - հայտարարեց Պապիկյանը:
Ուշագրավ է, որ Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչությունը, որն իրավական, ֆինանսատնտեսագիտական և սոցիալական փորձաքննության է ենթարկել նախագիծը, բազմաթիվ խնդիրներ է մատնանշել. մասնավորապես, որ նախագիծը հակասությունների մեջ է Սահմանադրության երեք հոդվածների հետ՝ նախ, որ բոլոր քաղաքացիները պարտավոր են մասնակցել Հայաստանի պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով, որի համաձայն՝ տղամարդիկ պետք է պարտադիր երկամյա ծառայություն անցնեն, երկրորդ, որ «բոլորը հավասար են օրենքի առջև», և երրորդ, որ խտրականությունը՝ կախված այդ թվում գույքային վիճակից, արգելվում է: Եթե օրենքն ընդունվի, ըստ փորձագետների, այն կարող է դիտարկվել որպես խտրականություն:
Բացի այդ, Ազգային ժողովի փորձագետները գտնում են, որ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատելու նախագիծը փաստորեն ցանկանում է փոխարինել արդեն գործող ապօրինի մեխանիզմը, երբ պաշտոնատար անձինք այդ հարցը կաշառքով են լուծում, սակայն այս կարգավորումը, որ 24 միլիոն է առաջարկում մեկ ամիս ծառայության համար, փաստացի կարող է նոր խթան լինել, որ արդեն իսկ գոյություն ունեցող համակարգն իր այսպես կոչված «սակագները»՝ կաշառքի չափերը, սահմանի, օրինակ, 8-10 մլն դրամ և իր կողմը գրավի գումարի դիմաց զինվորական ծառայությունից խուսափել ցանկացող զինակոչիկներին:
Այս խնդիրներից ու հարցերից և ոչ մեկը Կառավարության անդամները չբարձրացրեցին, միայն մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր, որ փորձեց հասկանալ՝ այս տարբերակումն արդյոք չի խորացնի բանակում առանց այն էլ խնդրահարույց վիճակը ոչ կանոնադրական հարաբերությունների առումով:
«Ըստ էության, զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենաք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ», - ասաց օմբուդսմենը:
Պաշտպանության նախարարը նախ ասաց՝ հարցը չի հասկանում. - «Անկեղծորեն, գուցե հարցի էությունը լավ չեմ հասկանում, բայց ես էստեղ նմանատիպ խնդիր չեմ տեսնում»:
Ապա նաև բավականին ուշագրավ հայտարարություն արեց. - «Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ: Պիտի մտնենք պրոբլեմների խորքի մեջ»:
«Հայաստան» խմբակցությունից պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանն ասում է՝ եթե նախագիծը իշխանությունն ընդունի, իրենք կքննարկեն Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Նախագիծն, ասում է, իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում:
«Այն, ինչ որ կատարվեց Կառավարության նիստում, մեկ բառով է՝ հայրենիքը հանել են աճուրդի, հայրենիքի նկատմամբ պարտականությունը հանել են աճուրդի, և իրականում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հակասող նախաձեռնություն է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Երկրորդը՝ ... ի՞նչ փոխվեց Պաշտպանության նախարարության մոտեցումների մեջ, որ այս գաղափարը 2019 թվականին՝ իրե՛նց իշխանության ժամանակ, Պաշտպանության նախարարությունը դեմ արտահայտվեց, հիմա Պաշտպանության նախարարությունն ուղղակի գին է բարձրացնում»:
«Եվս մեկ սոցիալական վտանգ է՝ մարդկանց մղելու են բանակ չծառայելու համար գույք գրավադնել, վարկեր վերցնել, պարտքերի մեջ թաղվել, բանկային համակարգի ձեռքն ընկնել», - նաև ասաց դաշնակցական պատգամավորը:
Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը իշխանական պատգամավորի այս նախաձեռնությունը նախընտրական գործընթացի մաս է համարում ու կարծում է՝ սա նոր հարված է Հայաստանի անվտանգության համակարգին և նաև համընկնում է Ադրբեջանի առաջ մղած՝ Հայասատնի ապառազմականացման նախապայմանին:
«Կարծում եմ՝ իշխանությունը նաև որոշակիորեն ելնում է 2026-ի ընտրական նաև տրամաբանությունից և իր իշխանական ձգտումները կամ իշխանության վերարտադրման թեման սարքում է գերակա անվտանգային թեմաների նկատմամբ: Սա ինչի եմ ասում՝ որովհետև, անխոս, բավականին ծանր հարված է հասցնելու Զինված ուժերին, սա ծանր հարված է հասցնելու մեր հասարակական հարաբերություններին, և առհասարակ սա լուծում չէ, սա պարզապես առերևույթ կոռուպցիոն դրսևորումները օրինականացնելու նախագիծ է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Աբրահամյանը:
Առաջին անգամը չէ, որ նման նախաձեռնություն է առաջ քաշվում, Հայկ Սարգսյանը նաև 2019-ին էր առաջարկել՝ գումար վճարել ու մեկ ամիս ծառայել, բայց այն ժամանակ գումարն ավելի քան կրկնակի պակաս էր՝ 10 միլիոն դրամ: Այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը սկզբունքորեն դեմ էր, մեջբերում էր Սահմանադրությունը և հայտարարում, որ բանակում ծառայելու պարտավորությունը չպետք է գումարի դիմաց կասեցնելու հնարավորություն ստեղծել: 2022 թվականի օգոստոսին, սակայն, հենց Պաշտպանության նախարարությունն առաջարկեց նման նախագիծ՝ 24 միլիոն դրամ վճարել և չորսուկես ամիս ծառայել, նախատեսվում էր, որ վճարված գումարը պետք է գնար պայմանագրային զինծառայողներին վճարելուն, սակայն սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո բանակում չծառայելու համար գումար վճարելու կետերը նախագծից հանվեցին, մնաց միայն պայմանագրային ծառայության անցնելու ծրագիրը:
Այժմ գումարով զինծառայության տևողությունը զգալի կրճատելու երրորդ փորձն է: Նախագիծն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: