Վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը պատրաստ է, առավոտից պատգամավոր Հակոբ Ասլանյանի աշխատասենյակում է, բայց ընդդիմադիրներից ոչ մեկը չի ստորագրել: Միայն նախաձեռնության հեղինակների՝ նախկին ՔՊ-ականներ Աղազարյանի ու Ասլանյանի ստորագրություններն են:
«Հիմա ընդդիմադիր պատգամավորների ստորագրություններին ենք սպասում, իրենք երկու օր է ձայն չեն հանում, դուք ասում եք ՔՊ», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Փաշինյանի այլընտրանքը, ըստ Աղազարյանի և Ասլանյանի, Մարուքյանն է՝ նրան են առաջադրել վարչապետի թեկնածու ու սպասում են, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմակիցները համաձայնեն հանդիպել Մարուքյանին ու քննարկել հարցը:
«Նախնական պլանը, մենք մտածել ենք, որ իրենք անկեղծ են, ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնեն: Հիմա ես թողնում եմ պատասխաններն իրենց», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:
Միանո՞ւմ են Փաշինյանի նախկին թիմակիցների այս նախաձեռնությանը, թե՞ մերժում են. «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեռ չեն հայտարարում, Մարուքյանը սպասում է: «Ազատությանն» էլ խմբակցություններից փոխանցեցին, թե դեռ այդ հարցով նիստեր չեն հրավիրել:
«Ի՞նչ խնդիր կա: Ի՞նչ են առաջարկում, որ եթե Սերժ Սարգսյանի թեկնածուն չի, ուրեմն չեն միանո՞ւմ: Թող էդպես ասեն, շատ անկեղծ թող ասեն», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Մինչև հայտնի կդառնար իշխող թիմի նախկին անդամների նախաձեռնությունն ու Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ից հայտարարում էին, թե պատրաստ են առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցն ու սկսել:
«Պատիվ ունեմ»-ի վեց պատգամավոր, լուրջ մարդիկ են, չէ՞, հայտարարել են՝ առանց նախապայմանների տալիս են: Սպասում ենք, Հակոբ Ասլանյանի կաբինետում է, բերեք ստորագրությունները», - նշեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:
Եթե երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները ստորագրեն Փաշինյանին անվստահություն հայտնելու այս նախագիծը, ընդամենը կկարողանան հարցը նիստերի դահլիճում քննարկել, բայց նախագիծն ընդունելու համար ընդդիմադիրների ձաները բավարար չեն՝ առնվազն Փաշինյանի թիմից 18 պատգամավոր պետք է կողմ քվեարկի:
«Այս գործը հանգիստ է սիրում, մենք մինչև ՔՊ-ականներին հասնելը խնդիր ունենք դեռ», - ասաց Մարուքյանը:
«Հայաստան» խմբակցությունում կարծում են, որ առանց փողոցի, զանգվածային ճնշումների հնարավոր չէ Փաշինյանի հեռացնելու հարցը խորհրդարանով լուծել, բացի այդ՝ իշխող թիմից էլ պետք է օգնեն: Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում իր վերաբերմունքը հայտնել է, ասել է, թե լուրջ թեկնածուն չի մտնի այս գործընթացի մեջ:
«Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի», - հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը:
Իսկ ի՞նչ են մտածում Փաշինյանի թիմում, կա՞ մեկը, որ կմիանա այս նախաձեռնությանը: Ազգային ժողովի խոսնակն ասաց՝ իրենց նախկին թիմակիցների՝ Աղազարյանի, Ասլանյանի ու Մարուքյանի սկսած գործին լուրջ չեն վերաբերվում:
«Եվ նման պրոցեսին որևիցե ձևով չենք վերաբերվում, չենք քննարկում: Մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի և Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդեն երկար ժամանակ է շեղվել է ինքն իր ծրագրից, որը անվստահության հիմք է», - պնդում է Էդմոն Մարուքյանը:
Փաշինյանին անվստահություն հայտնելու թեման ակտիվացավ ապրիլի վերջից: Նորաստեղծ «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն են դիմել բոլոր պատգամավորներին, որ նախագիծ ներկայացնեն: Նրանց հորդորին հետևեցին միայն Փաշինյանի թիմից հեռացված պատգամավորները: