Աշխարհը սպասում է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցի արդյունքներին

Ստամբուլում ռուս - ուկրաինական ուղիղ բանակցություններից երեք օր անց այսօր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունենում, որը մեկնարկել է Երևանի ժամանակով 18:00-ի սահմաններում: Աշխարհն ուշի-ուշով սպասում է զրույցի արդյունքներին՝ հասկանալու համար՝ արդյոք կարողացել է Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին համոզել, որ համաձայնի 30-օրյա հրադադարին, ինչը կարող է ճանապարհ հարթել հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Հեռախոսազրույցից առաջ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահները հաշվի կառնեն նաև Ստամբուլի հանդիպման արդյունքները, որտեղ կողմերը պայմանավորվել էին ներկայացնել հրադադարի մասին իրենց տեսլականը:

«Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները: Մենք դրանց մասին արդեն ասել ենք այն ամենը, ինչ կարող էինք, ասել ենք, թե որոնք են հիմնական կետերը», - նշել է Դմիտրի Պեսկովը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը քիչ առաջ հայտարարել է, որ նախագահ Թրամփը հոգնել է բանակցություններից և հիասթափված է հակամարտության երկու կողմերից, որ մինչ այժմ հնարավոր չի եղել հրադադար հաստատել։ Նա նաև նշել է՝ Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինին, թեև Կրեմլի խոսնակն այսօր ավելի վաղ ասել էր, որ նախագահների հանդիպում դեռ չի նախատեսվում:

«Նախագահը շատ հստակ է ասել, որ իր նպատակը հրադադարն է, որ այս պատերազմն ավարտվի, և նա շատ հիասթափված է հակամարտության երկու կողմերից», - նշել է Լևիթը:

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից րոպեներ առաջ էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է ասել, թե Վաշինգտոնում հասկանում են, որ բանակցությունները հիմա մի փոքր փակուղային վիճակում են, դրա համար էլ Թրամփը որոշել է խոսել Կրեմլի ղեկավարի հետ: «Պուտինը, կարծես, ամբողջությամբ չգիտի, թե ինչպես դուրս գալ Ուկրաինայի պատերազմից», - ասել է նա։

Մինչ այդ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կխոսի նաև Ուկրաինայի, ապա՝ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների ղեկավարների հետ: Նաև հույս էր հայտնել, որ շփումն արդյունավետ կլինի, հրադադար կհաստատվի, և կավարտվի արյունոտ պատերազմը: Fox News-ին տված հարցազրույցում էլ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, թե Պուտինը հոգնել է այս պատերազմից:

«Կարծում եմ՝ Պուտինը հոգնել է այս ամենից։ Նա լավ վիճակում չէ, բայց կուզեր լավ վիճակում լինել: Մի՛ մոռացեք, որ այս պատերազմը պետք է ավարտվեր մեկ շաբաթից։ Եթե նա իր տանկերով չխրվեր ցեխի մեջ, հինգ ժամ հետո կլիներ Կիևում», - հայտարարել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացն, իր հերթին, ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ այսօր պարզ կլինի, թե ինչ փուլում է կարգավորման գործընթացը: Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանը կկարողանան հրադադար հաստատել, ապա հավելել է, որ միայն Թրամփը կարող է կարգավորել այս հարցը։

«Նախագահը վճռական է տրամադրված այս հարցում ինչ-որ բան անել: Եթե նա չկարողանա դա անել, ապա ոչ ոք չի կարող», - նշել է Ուիթքոֆը:

Bloomberg-ը, իր աղբյուրներին հղումով, գրում է՝ Պուտինը դժվար թե էական զիջումների գնա Թրամփի հետ զրույցում, քանզի վստահ է, որ մինչև տարվա վերջ իր զորքը կկարողանա ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը և լիակատար վերահսկողություն հաստատել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի նկատմամբ:

Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Զավադսկայան «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի համար կարմիր գծեր չկան, Պուտինը ցանկանում է ավելին ստանալ, քան օբյեկտիվորեն կարող է, և լեգիտիմացնել եղածը:

«Կա ցուցիչ, որը թերևս կարելի է կարճ այսպես նկարագրել. վերցնել այնքան, որքան այս պահին հնարավոր է: Նաև եթե վերցրածը հնարավոր է լեգիտիմացնել Թրամփի, կամ ինչ-որ այլ գործիքների միջոցով, դա միանգամայն օպտիմալ տարբերակ կլինի», - նշել է քաղաքագետը:

Ուկրաինայի նախագահն այսօր կարգադրել է ռուս - ուկրաինական բանակցությունների համար ընդլայնված կազմով մշտական պատվիրակություն ստեղծել, թեև չի նշել անդամների անունները: Զելենսկին սոցցանցում գրել է, որ Ստամբուլում ռուսական պատվիրակությունը սպառնացել է ուկրաինացի պատվիրակներին:

«Ուկրաինական պատվիրակությանը հաջողվել է զրույցը պահել պատշաճ շրջանակում։ Ռուսական սպառնալիքների բոլոր փորձերը մերժվել են», - վստահեցրել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայում հրադադարի հարցը Սպիտակ տան ղեկավարը կիրակի օրը քննարկել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդների հետ: Նրանք նաև անդրադարձել են պատժամիջոցների կիրառմանը, եթե Ռուսաստանը լուրջ չվերաբերվի բանակցություններին: Ֆրանսիայի նախագահը սոցցանցում գրել է՝ Պուտինն այսօր հնարավորություն ունի ապացուցելու, որ ցանկանում Է խաղաղություն:

Այս ֆոնին Ֆինլանդիան այսօր հայտարարել է, որ Ուկրաինային մոտ 90 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցները: Պաշտպանության նախարարությունից ասել են, որ զինամթերքը ձեռք կբերվի ֆիննական մատակարարներից:

Այս ընթացքում իրավիճակը ճակատում մնում է լարված: Ուկրաինական կողմը հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր, երեկ ռուսական զորքն անօդաչուներով ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա: Ռուսական կողմը հայտնել է, որ Սումիում ևս մեկ բնակավայր է վերցրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօր տեղի կունենա Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցըBloomberg. Ռուսաստանը Ուկրաինայից ոչ միայն տարածքներ է պահանջել, այլ նաև հրաժարում ֆինանսական պահանջներից Երեք տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան վերսկսել են ուղիղ բանակցությունները