Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և կառավարության համար այլ օրակարգ չկա, գործադիրի նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմանն ու դրանից բխող գործողություններին:
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և օրակարգ այդ միությունից դուրս գալու չկա», - շեշտեց Պապոյանը:
Հայաստանի և հայ ժողովրդի եվրոպական ձգտումների մասին բարձրաձայնող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ ռուս պաշտոնակցի հետ ասուլիսին հայտարարեց՝ Հայաստանը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, ավելին՝ շեշտեց՝ այդ ուղղությամբ բանակցություններ էլ չեն վարվում:
Հայաստանի ԱԺ-ն մարտի վերջին ընդունել է Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը: Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Հայաստանի Եվրամիության անդամակցությունը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջելու, անդամակցության ճանապարհին Հայաստանն ահռելի բարեփոխումներ պետք է իրականացնի, երկրի օրենսդրությունը՝ արդարադատության ոլորտից մինչև սոցիալական՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի։
Մոսկվան էլ ասում է, թե «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ»՝ զգուշացնելով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ:
Մանրամասները տե՛ս այստեղ