Մատչելիության հղումներ

Մոսկվայի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Երևանի օրակարգում չկա՝ չնայած դիրքորոշումներում ակնհայտ տարբերություններին

Լրացված

Փոխադարձ կսմիթներ, ակնհայտ տարբերություններ դիրքորոշումներում, բայց նաև հայտարարություն Երևանից՝ Մոսկվայի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանի օրակարգում չկան:

«Պարտավորությունները և իրավունքները և մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են, և դրանք որևէ մեկը չի լուծարել: Միևնույն ժամանակ, հայտնի են հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ և ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է: Էստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմները և ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Աշխատանքային երկօրյա այցով Երևան եկած Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ նախ տետ ա տետ բանակցեց, հետո՝ ընդլայնված կազմով, իսկ դրանց հաջորդած համատեղ ասուլիսը թերևս ռեկորդային էր՝ մեկ ժամից ավելի տևեց:

Ասուլիսի ընթացքում Երևանի ու Մոսկվայի հակասություններն ի հայտ եկան, մասնավորապես՝ 2022-ի ադրբեջանական հարձակմանը ՀԱՊԿ-ի արձագանքի, տարածաշրջանից դուրս համագործակցությունների, Ղարաբաղի, արևմտյան երկրներից զենք գնելու
հարցերի շուրջ:

Մինչ Երևանն արտաքին քաղաքականությունը բալանսավորելուց է խոսում, Լավրովն այսօր հայտարարում էր՝ Հարավային Կովկասում հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին տարածաշրջանի երկրների ու մերձակա հարևանների կողմից:

Բաքվից ոչ պակաս Մոսկվային է անհանգստացնում հայ - ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդների տեղակայումը, իսկ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո պարբերաբար զգուշացնում են, թե ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն համատեղելի չեն:

«Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները զարգացնեն իրենց հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, բայց որ այդ համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ տարածաշրջանի երկրների շահերի արհամարհմանը», - հայտարարեց Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարը խնդիր չէր տեսնում, որ Հայաստանը զենքը այլ երկրներից գնի, սակայն միշտ «բայց»-ը կար: Եվ խոսեց նրանից, որ զենքի համար Հայաստանի փոխանցած գումարները, ինչպես ձևակերպեց՝ այլ նպատակների ուղղելու պայմանավորվածություն են ձեռք բերել, բայց նաև հայտարարեց, թե պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են Հայաստանին: Երևանը հայտարարել է՝ ռուսական զենքի համար գումարը տվել է, զինամթերքի ողջ ծավալը չի ստացել:

«Այլ երկրներից զենքի գնման հետ որևէ խնդիր չկա, դա մեր հայ բարեկամների ընտրությունն է: Քաղաքական առումով Ֆրանսիան հանդես է գալիս իբրև թշնամական պետություն, ուստի մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն՝ որտեղից գնել զենք», - ասաց Լավրովը:

Միրզոյանը չժխտեց, որ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն է նկատի ունեցել, երբ երեկ ասել է, որ անվտանգության ներկայիս ճարտարապետությունն արդյունավետ չէ: Հայաստան Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ի արձագանքից Երևանը դժգոհ էր, Լավրովը, մինչդեռ, հայտարարում էր, որ պարտավորություններից բխող արձագանք եղել է: Դրանից հետո արտգործնախարարները Լեռնային Ղարաբաղին անդրադարձան:

Լավրովն արդարացրեց Մոսկվայի դիրքորոշումը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Երևանի քայլով, Միրզոյանը հիշեցրեց Մոսկվայի հայտարարությունները:

«Պրահայում հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին, որ այն որոշվելու է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է: Դա բավական անակնկալ էր, քանի որ 2020 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարտական թեժ գործողությունների ընթացքում, հրադադարի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս, ջենթլմենական համաձայնություն կար, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Քննադատել կարելի է, բայց չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում, մենք ջանք էինք գործադրում», - հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարարը:

«Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, էդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը: Հայաստանի Հանրապետությունը, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և, բնականաբար, ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա», - իր հերթին, ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Իսկ հայ - ադրբեջանական այսօրվա հարաբերություններին անհամեմատ ավելի կարճ անդրադարձան: Չնայած Բաքվի նախապայմաններին՝ Միրզոյանը ոչ շատ հեռու ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման հույս հայտնեց: Լավրովը կարգավորումը տեսնում էր հայ-ադրբեջանա-ռուսական պայմանավորվածությունների շրջանակում: Եռակողմ այդ հայտարարություններին Երևանն ու Բաքուն այս փուլում այլևս չեն անդրադառնում, իսկ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում տարածաշրջանային ապաշրջափակման կետը Երևանն ու Մոսկվան տարբեր կերպ են մեկնաբանում:

Չշրջանցվեց նաև Հայաստանի «ուկրաինացման» թեման: Լրագրողը հարցնում էր՝ կհարգե՞ն Եվրամիության հետ մերձենալու Երևանի ինքնիշխան որոշումը, թե՞ Հայաստանի հետ էլ Ուկրաինայի նման կվարվեն:

«Ես Հայաստանի ուկրաինացման որևէ պատճառ չեմ տեսնում, Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է: Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում: Հայաստանը քաղաքակիրթ երկիր է», - արձագանքեց Լավրովը:

Իսկ Հայաստանն ինչպե՞ս է պատրաստվում համադրել ԵԱՏՄ-ն ու Եվրամիությանն անդամակցությունը, այս հարցին էլ Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանը անդամակցության հայտ չի ներկայացրել, էդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, և ըստ այդմ հարցը, որը կարող էր ծագել էդպիսի զարգացումների պարագայում, տեղին չի, և չեմ կարող էդ սցենարի վերաբերյալ դատողություն հայտնել»:

Վերջին անգամ Լավրովը Հայաստանում երեք տարի առաջ էր եղել:

Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նաև վարչապետին, իսկ Արտգործնախարարությունում այսօր ստորագրվեց առաջիկա երկու տարիների քաղաքական խորհրդակցությունների հայ-ռուսական պլանը:


XS
SM
MD
LG