Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը՝ փակուղո՞ւմ

Վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործը հաջողությամբ ավարտելու համար պետք է ապահովել ժողովրդական մեծ ճնշում և իշխանական 18 պատգամավորի քվե։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ հիմա երկուսն էլ հավանական են, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին է արձագանքում խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Մենք կարևորում ենք գործիքից օգտվելու ճիշտ տեղն ու ժամանակը, հաշվարկն ունենալ», - ասում է նա:

Սերժ Սարգսյանը կողմ է, որ ընդդիմությունը հիմա էլ սկսի Նիկոլ Փաշինյանին խորհրդարանով հեռացնելու գործընթացը։ Նրա կարծիքով՝ նախաձեռնությանը կարող են հաջորդել զարգացումներ, որոնք չէին էլ սպասվում. պատմության մեջ նման դեպքեր արդեն եղել են։ Պաշտոնաթող նախագահը չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն էլ կանջատվեն ու իրենց կմիանան:

Փաշինյանին խորհրդարանով հեռացնելու ճանապարհի մասին նրանից օր առաջ ազատվել ցանկացող պաշտոնաթող նախագահները տարբեր կարծիքներ ունեն։ Ռոբերտ Քոչարյանը, Սարգսյանի պես լավատես չէ, առաջնորդվում է հաշվարկներով և չի ցանկանում մասնակցել մի գործընթացի, որը, ըստ նրա, հաջողության հավանականություն չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերժ Սարգսյանը կողմնակից է իմփիչմենթին և պատրաստ է սատարել նաև Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հիմնավոր կասկած ունեմ, որ Փաշինյանը Հայաստանի ամենից հարուստ մարդն է, даже обидно». Ռոբերտ Քոչարյան

Սարգսյանը կողմ է, որ ընդդիմությունը հերթական ընտրություններին նախորդող այս մեկ տարում անգործության չմատնվի, Փաշինյանին հեռացնելու փորձեր անի, որպեսզի կանխեն նրա կառավարության հնարավոր անդառնալի զիջումները։ Սարգսյանը պատրաստ է սատարել Քոչարյանի կամ նրա թիմից որևէ մեկի թեկնածությունը, միայն թե սկսեն։

«Մենք ի տարբերություն շատերի՝ գիտակցում ենք, որ եթե մենք թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու, ավելի մեծ հակադրություն է: Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմակիցները, որ Սերժ Սարգսյանի և նրա կուսակիցների հետ հրապարակային բանավեճի մեջ են և փնտրում են Փաշինյանին իշխանության բերելու գլխավոր մեղավորին, կարծում են, որ Փաշինյանին հեռացնելու պարարտ հող չկա, անվստահություն հայտնելու հիմքերը ծանրակշիռ են, բայց հաջողության հասնելու համար անհրաժեշտ բոլոր գործոնները պատրաստ չեն։

«Հույս դնել այն բանի վրա, որ 72 ժամում այդ ստորագրություններն ու այդ վարչապետի թեկնածուն կարող են գեներացնել այն փողոցային ճնշումները, որը որպես հետևանք կբերի 18 ստորագրություն, 18 մանդատ, նորմալ տրամաբանություն չէ», - ասում է Արմենուհի Կյուրեղյանը:

Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը քննարկման հասցնելու համար պետք է՝ 36 պատգամավոր ստորագրի: Եթե ընդդիմադիրները և «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավորները միանան, կհաջողվի։ Բայց նախագծի ընդունման համար 18 ՔՊ-ական պետք է կողմ քվեարկի։ Սահմանադրության համաձայն՝ քվեարկության համար կարող են սպասել 72 ժամ։ Եթե նախաձեռնությունը տապալվի, վեց ամիս չեն կարող նորից ներկայացնել վարչապետին հեռացնելու նախագիծ։

Մինչ նախկին նախագահների թիմերում վերլուծում և հաշվարկում են ընտրություններից մեկ տարի առաջ իշխանափոխության հասնելու ճանապարհները, իշխող կուսակցությունից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստել են Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Վարչապետի թեկնածուն էլ Փաշինյանի կառավարության նախկին պաշտոնյան է՝ Էդմոն Մարուքյանը։ Նրանք ստորագրել են և սպասում են Փաշինյանի թունդ քննադատներին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից չեն միանում, դեմ են իրենց ձևակերպմամբ՝ Նիկոլ Փաշինյանին «Փաշինյան 2»-ով փոխարինելու ծրագրին։

«Հայաստան» խմբակցությունից չեն էլ արձագանքել: Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել էր՝ ոչ մի լուրջ թեկնածու չի մտնի այս գործընթացի մեջ։