Թեհրանը թույլ չի տա հայ-իրանական սահմանին որևէ ոտնձգություն. Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության նախարարն այսօր Երևանում հայտարարել է, թե Թեհրանը թույլ չի տա հայ-իրանական սահմանին որևէ ոտնձգություն, քանի որ այն երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է:

Պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան ժամանած Ազիզ Նասիրզադեն նույն միտքը կրկնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներում՝ աջակցություն հայտնելով Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը և դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

Իրանի այս դիրքորոշումը նորություն չէ, Թեհրանից պարբերաբար են ամենաբարձր մակարդակով հնչում հավաստիացումներ, որ թույլ չեն տալու Հայաստանի տարածքով միջանցք բացել: Միաժամանակ, սակայն, հենց այս օրերին Իրանը համատեղ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ, ընդ որում Լեռնային Ղարաբաղում՝ Հադրութում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրան-Ադրբեջան զորավարժություն Հադրութում, մինչ Հասանովը Թել Ավիվում քննարկում է Իսրայելի հետ համագործակցությունը

Իրանագետ Ալեն Շադունցը չի շտապում զուգահեռներ անցկացնել, ավելի շուտ, ըստ փորձագետի, Իրանը փորձում է տարածաշրջանում գրավել Ռուսաստանի նվազող տեղը:

«Շատ հավանական է, որ ուղղակի համընկում է եղել, Իրանը եթե տեսնում է հնարավորություն նմանատիպ քայլեր իրականացնել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ապա պատրաստակամություն միշտ ունեցել է դա անելու», - նշեց Շադունցը:

Թեհրանը Բաքվի հետ այս օրերին անցկացվող զորավարժությունները որակում է կարևոր քայլ ընդհանուր սահմանների անվտանգության ամրապնդման և հավանական սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ՝ չհստակեցնելով՝ կոնկրետ որ երկրների սպառնալիքներին դիմակայելու համար են մարզվում ադրբեջանցի և իրանցի զինվորականները: Ադրբեջանը սպառնալիք է որակում Հայաստանի զինումը, ինքն է պարբերաբար սպառնում ուժով միջանցք բացել դեպի Նախիջևան:

«Մի Կողմից Իրանը կարող է Ադրբեջանի հետ փոխվստահության միջավայրն ուժեղացնելու համար զորավարժություն իրականացնել, որովհետև երկու երկրների միջև հարաբերությունների որոշակի լարվածություն կա, և փորձում են միշտ ինչ-որ պրակտիկ քայլերով այդ լարվածությունը մեղմել: Բայց դրան զուգահեռ Իրանը նաև կարողանում է Հայաստանի հետ հարաբերությունները կորդինացնել ու խորացնել, քանի որ այստեղ ունեն համընկնող շահեր: Այսինքն՝ մեկի հետ ինչ-որ հարցում համագործակցելը դեռևս չի նշանակում, որ այդ դերակատարի հակառակորդի հետ չես կարող ևս համագործակցել», - նշեց իրանագետը:

Բայց նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Իրանը իսկապես կկանգնեցի Ադրբեջանի ռազմական հարձակումը, երբ անընդհատ պնդում է, թե չի հանդուժի սահմանի փոփոխություն: Իրանագետ Շադունցը հիշեցնում է՝ ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ պետությունները իրավիճակային որոշումներ են կայացնում:

«Իրանի կողմից որոշակի քայլեր կլինեն: Իմ ենթադրությունն այն է, որ Իրանը կարող է Ադրբեջանին հետ չկարողանա մղել, այսինքն, հակահարձակման ինչ-որ քայլեր չիրականացնել, սակայն իրանական կողմը կարող է դժվարացնել Ադրբեջանի համար, որպեսզի Ադրբեջանն արդյունավետ վերահսկողություն հաստատի այն տարածքների նկատմամբ, որը հիպոթետիկ սցենարում կփորձի ձեռք բերել», - ընդգծեց նա:

Այդ ճանապարհի վերահսկողության մասին խոսում է նաև Ռուսաստանը՝ վկայակոչելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Երևանը, սակայն, բացառում է այդ սցենարը՝ Մոսկվային տալով լավագույն դեպքում մոնիթորինգի գործառույթ:

«Իրանական հաշվարկներում դեռևս հստակ ներկայացված չէ, որ մենք պետք է ինչ-որ զիջման գնանք, հնարավոր է, որ նման ընդհանուր հայտարարի գան Ռուսաստանի հետ, բայց վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ Իրանն այդքան էլ հակված չի այդ դիրքերը զիջի: Դրա համար շեշտը դնում են այդ զսպողական քաղաքականության վրա, ավելի կոշտ, կարմիր գծերի լեզվով», - ասաց իրանագետը:

Իրանը նաև Հայաստանի հետ է զորավարժություններ անցկացրել, անցած ամիս սահմանին կազմակերպված հավաքին մասնակցում էին հատուկ նշանակության ուժերը, զորավարժության նպատակն էր սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելը։ Մարտին էլ Սուրեն Պապիկյանը մեկնել էր Թեհրան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Իրանի ՊՆ-ները քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր