Բողոքի ակցիա՝ ԱԳՆ-ի մոտ. Սերգեյ Լավրովի այցը Հայաստան առանց միջադեպերի չանցավ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան առանց միջադեպերի չանցավ: Առավոտյան, մինչ Արտգործնախարարության շենքում հանդիպում էին ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու՝ դեմ արտահայտվելով Ռուսաստանի հետ վարվող արտաքին քաղաքականությանը, նրանց մեղադրելով Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու, դավաճանելու մեջ:

Այս խմբում էին արևմտամետ կուսակցությունների առաջնորդներ, իրավապաշտպաններ: Նախ ոստիկանությունը նրանց հորդորեց տեղափոխվել այլ մայթ՝ պատճառաբանելով, որ կարգ է խախտվում: Հավաքվածները չհամաձայնեցին, անցավ որոշ ժամանակ ու ոստիկանները գործողությունների անցան, հրմշտոց սկսեց:

Այնուհետև իրավապահները հորդորեցին էլ ավելի հետ տեղափոխվել, մեկ անգամ էլ այնտեղ իրավիճակը սրվեց, ու հավաքվածները կենտրոնացան Շահումյանի հրապարակում: Նրանց ձեռքերին Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի նկարներով պաստառներ էր՝ «մարդասպաններ» գրությամբ: Ակցիայի առաջնորդներից Արման Բաբաջանյանը փորձեց պաստառներից մեկը ավելի բարձր տեղ պարզել: Ոստիկաններն անմիջապես նրան փորձեցին ներքև իջեցնել, ինչի հետևանքով կրկին հրմշտոց սկսվեց. տուժածներ չկան:

Թե ո՞րն էր ոստիկանների այս գործողությունների նպատակը, պաշտոնական պարզաբանում չտրվեց, քիչ անց էլ ոստիկանական զորքերի մեքենաներ եկան ու ամբողջ փողոցը՝ ԱԳՆ շենքի դիմացը փակեցին, մուտքը տեսանելի չէր: Ըստ հավաքվածների՝ սա արվում էր նրա համար, որ իրենք տեսանելի չլինեն, պարզապես փորձում էին տեսադաշտը փակել:

Արման Բաբաջանյանն ավելի ուշ կարծիք հայտնեց, որ ոստիկանական գործողություններով իրենց ակցիային ավելի մեծ հնչողություն տրվեց. - «Անհրաժեշտ ուղերձները հնչել են, Ռուսաստանը պիտի ամեն վայրկյան իմանա, որ դավաճանել է հայ ժողովրդի կենսական շահերը, պիտի իմանա, որ մենք շատ լավ տեղյակ ենք, որ իրենց գործուն մասնակցությամբ, ադրբեջանցիների հետ թև թևի տված մասնակցել են Արցախի հայաթափմանը, էթնիկ զտումներին, որ իրենք սադրել են ու հրահրել են հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա»:

Ավելի ուշ հավաքվածները երթով շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն, սակայն առանց ոստիկանների ուղեկցության:

Լավրով. Մեղադրանքները, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղն, արդար չեն

Առավոտյան ու կեսօրին տեղի ունեցած այս իրադարձություններից հետո Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հետո եկել Հայ-ռուսական սլավոնական համալսարան: Այստեղ միջոցառումն առանց միջադեպերի անցավ, բայց «Ազատության» նկարահանող խմբին թույլ չտվեցին ներսում լինել և նկարահանել, անվտանգության աշխատակիցները մեզ հորդորեցին դուրս գալ տարածքից և տեղափոխվել դարպասների մոտ: Հարցին, թե ինչո՞ւ չենք կարող նկարահանում իրականացնել, պատասխանեցին, որ սա մասնավոր տարածք է:

Ուսանողների հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձավ և՛ հայ-ռուսական հարաբերություններին, և՛ ավելի գլոբալ, աշխարհաքաղաքական հարցերին, Արևմուտքի հետ Ռուսաստանի հակամարտությանը:

Լավրովը մասնավորապես չհերքեց, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, սակայն դրանք որոշ նյուանսներ արտահայտությամբ բնութագրեց ու տեղեկացրեց, որ երկու երկրների ղեկավարները հանձնարարել են վերականգնել բոլոր շփումները:

Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ Սերգեյ Լավրովը սլաքները Երևանի կողմն ուղղելով պնդեց՝ մեղադրանքները, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղն, արդար չեն:

«Երբ հիմա ընդդիմությունից, քաղաքական այլ շրջանակներից ասում են, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին, ազնիվ չէ, ուղղակի ազնիվ չէ: Մենք Պրահայի պայմանավորվածության մասին լրատվամիջոցներից ենք իմացել», - ընդգծել է նա:

Իսկ արդեն ելույթի երկրորդ մասում ՌԴ ԱԳ նախարարը խոսեց Ուկրաինայի հետ շարունակվող պատերազմից, պատմական ակնարկներ արեց, հասավ ընդհուպ Սառը պատերազմ, դժգոհեց Արևմուտքի ներկայիս առաջնորդներից, պնդեց, թե պատժամիջոցների վերջին փաթեթն ընդունելով Եվրամիությունը ցույց է տալիս, որ հակամարտության էսկալացիա է ուզում, բայց 100 հազարավոր մարդկանց կյանք խլած պատերազմը դադարեցնելու մասին որևէ հստակություն չմտցրեց:

2023-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո սա, ըստ էության, ռուսաստանցի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն էր Հայաստան: